Մատչելիության հղումներ

Դատավոր Գրիգորյանը ՍԴ-ից հետ է վերցրել Քոչարյանի գործի նյութերը՝ պատճենահանելու և Վերաքննիչ ուղարկելու համար


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած, նրա գործով վարույթը կասեցնելու մասին որոշում կայացրած և այն Սահմանադրական դատարան (ՍԴ) ուղարկած դատավոր Դավիթ Գրիգորյանը ՍԴ-ից հետ է վերցրել գործի նյութերը՝ պատճենահանելու և Վերաքննիչ դատարան ուղարկելու համար։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին դատավոր Գրիգորյանի գրասենյակից։

Դատավորի քարտուղար Գոռ Վարդանյանի խոսքով՝ գործի նյութերն այժմ պատճենահանվում են։

Թե՛ Գլխավոր դատախազությունը, թե՛ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչը Վերաքննիչ դատարանում բողոքարկել են Քոչարյանին կալանքից ազատ արձակելու և քրեական գործը կասեցնելու մասին որոշումները։

Ավելի վաղ Վերաքննիչ քրեական դատարանից «Ազատության»-ը հայտնել էին, որ շարունակում են սպասել առաջին ատյանի դատարանի պատասխանին՝ գործի նյութերը ՍԴ-ից հետ ստանալու վերաբերյալ։ Վերաքննիչ դատարանից, սակայն, հայտարարել էին, որ առանց նյութերի չեն կարող վարույթ ընդունել բողոքները կալանքի և գործի կասեցման որոշումների հետ կապված:

Սահմանադրական դատարանի աշխատակազմն էլ հաղորդագրություն էր տարածել՝ վստահեցնելով, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի նյութերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից համապատասխան գրություն ներկայացնելու դեպքում կարող են վերադարձվել:

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշում կայացրեց Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին, իսկ մայիսի 20-ին գործը կասեցրեց և ուղարկեց ՍԴ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG