Մատչելիության հղումներ

ՔՈ կուսակցությունը բողոքարկել է Ծառուկյանին վերաբերող իրենց դիմումի հիման վրա քրեական գործ հարուցելու մերժումը


Արտախորհրդարանական «Քաղաքացու որոշում» կուսակցությունը (ՔՈ) բողոքարկել է Հատուկ քննչական ծառայության որոշումը, որով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ կուսակցության դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել էր՝ հանցադեպի բացակայության հիմքով։

Կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանն ասում է. - «Մեր կողմից ձեռնարկած գործընթացը որևէ անձի դեմ չէ: Ավելին, պարոն Ծառուկյանը խնդրի համալիր լուծման առաջին շահառուն է։ Խնդրի լուծման դեպքում մենք կունենանք պետություն, որտեղ բիզնեսը տարանջատված է պետական կառավարման համակարգից և ազդեցություն չունի նրա վրա։ Ուստի այդ դեպքում պարոն Ծառուկյանի գործունեությւոնը պաշտպանված կլինի արդեն հանրության կողմից: Հայտնում ենք մեր հետևողականությունը այս հարցում մինչև վերջ գնալու՝ թե՛ օրենսդրական բացերը լրացնելու, թե՛ այդ տարանջատումը ապահովելու համար»:

«Քաղաքացու որոշումը» ավելի վաղ դիմել էր Գլխավոր դատախազին՝ քննություն անցկացնելու ու քրեական հետապնդում իրականացնելու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ եթե պարզվի, որ նա խախտել է Սահմանադրությունը և պատգամավորական գործունեությանը զուգահեռ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Գլխավոր դատախազությունը դիմումն ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն՝ ստուգելու: Դիմումին կուսակցությունը կցել էր այն տեսանյութերը, որոնք առաջացրել էին իրենց «ողջամիտ կասկածներ»։

Սուրեն Սահակյան
Սուրեն Սահակյան

Սուրեն Սահակյանն ասաց, որ այս անգամ նոր տեսանյութեր են կցել․ - «Մենք լրացրել ենք այդ տեսանյութերը դատախազություն ուղղված մեր երկրորդ դիմումի մեջ: Այնտեղ ավելացել են այնպիսի դրույթեր, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանը իր բիզնեսի ներկայացուցչական ֆունկցիա կատարում օտար ներդրողների մոտ, թե ինչպես է նա ակնհայտորեն կարգադրիչ ֆունկցիաներ կատարում իրեն պատկանող ձեռնարկություններում: Մենք ավելացրել ենք նաև, որ մեր փասարկները հիմնավորելու համար բավական է նայել «Կենտրոն» հեռուստաընկերության լուրերը: Ամեն օր այնտեղ Գագիկ Ծառուկյանի բիզնես գործունեության մասին պատմվում է և՝ շատ հանգամանորեն, որ ուր գնաց, ում հետ խոսեց, ինչ պայմանավորվեց: Էս ամբողջ գործընթացից Գագիկ Ծառուկյանը շատ հեշտ մի հատ ելք ունի՝ պատգամավորական մանդատը վայր դնելը, և դրանից «Բարգավաճ Հայաստանի» կշիռը, ես կարծում եմ, ավելի կմեծանա, ոչ թե կպակասի, և այդ ուժը կշարունակի արդեն քաղաքական գործունեությունը՝ եթե այդպիսի քայլեր թույլ չտա»:

Հակադարձելով այս պնդումներին՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ իր հիմնադրած որևէ առևտրային կազմակերպությունում որևէ պաշտոն չի զբաղեցնում, դրանցից որևէ մեկի կառավարմանն անձամբ չի մասնակցում: 45 ընկերություններում 20-100 տոկոսի բաժնետեր Ծառուկյանի խոսքով՝ դրանք հանձնել է հավատարմագրային կառավարման, իր գործունեությունը համապատասխանում է օրենքի տառին ու ոգուն։

Գագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյան

Այսօր արձագանքելով «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած բողոքին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն ասաց. - «Բոլոր իրավունքները իրենցն է, իրենք ինչ ցանկանան, ով ինչ ցանկանա, կարող ա ասի: Օրենքի առաջ բոլորը հավասար են»:

Իրենց պահանջները չբավարարելու դեպքում արտախորհրդարանական ուժը պատրաստ է այլ քայլերի ևս դիմել․ - «Մենք դիմելու ենք բոլոր 132 պատգամավորներին դիմումով, որպեսզի նրանք էս իրավիճակին արձագանքեն, իրենց դիրքորոշումը ներկայացնեն: Եվ ըստ այդմ մենք կհասկանանք, թե արդյոք 27 պատգամավոր պատրաստ են հանդես գալ նախաձեռնությամբ»:

Գլխավոր դատախազությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ կուսակցության դիմումը ստացել են, այժմ քննարկում են այն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG