Վեթինգի նախագծի մշակման գործընթացը գտնվում է վերջնականացման փուլում, այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Նա դիմեց խորհրդարանական մյուս խմբակցությունների անդամներին. - «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է վեթինգի նախագիծը մշակելու գործընթացը, որը սկսվել է դեռևս ամիսներ առաջ։ Այս պահին այն գտնվում է վերջնականացման փուլում, և այդ իսկ պատճառով ես դիմում եմ կոչով իմ գործընկերներին՝ թե՛ «Բարգավաճ Հայաստան», թե՛ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների, մեկ շաբաթվա ընթացքում գրավոր կերպով ներկայացնել առաջարկներ այն մասին, թե ինչ են ուզում, որ ներառի վեթինգի նախագիծը և իրենց մտահոգությունները», - ասաց Մակունցը։
«Ի՞նչ իմանանք ի՞նչ եք գրել, որ դրա շուրջ առաջարկներ տանք»
«Ի՞նչ իմանանք ի՞նչ եք գրել, որ դրա շուրջ առաջարկներ տանք», - արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Եթե ինչ-որ բան կա, պետք է խումբ ստեղծել, էդ խմբով աշխատել, ոչ թե աշխատել մի բանի շուրջ և ասել՝ «մենք մի բանի շուրջ աշխատում ենք, եթե մտահոգություններ ունեք, կամ առաջարկներ ունեք, տվեք»։ Ինչի՞ շուրջ տանք, ի՞նչ իմանանք ի՞նչ եք գրել, որ դրա շուրջ առաջարկներ տանք։ Կա՛մ պետք է ներառական աշխատանք տարվի, կա՛մ ուղղակի դա հայտարարություն է, որ արվում է, որ հետո ասեք՝ «հայտարարեցինք, չեկան, ոչ մի բան չտվեցին, դե ինչ անենք», - ասաց Մարուքյանը։
Մայիսի 20-ին Կառավարությունում հրավիրած խորհրդակցության ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ժողովրդի վստահությունը չվայելող դատական իշխանության գործունեությունը շարունակաբար ալեկոծություններ է առաջացնում հանրության շրջանում:
Վարչապետը հայտարարեց՝ «եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը»:
«Հայաստանում գործող բոլոր դատավորներն՝ առանց բացառության, պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի, այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին», - մասնավորապես ասաց Փաշինյանը: