Մատչելիության հղումներ

Ապրիլյան պատերազմի զոհերի ծնողներն էլ պետք է ընդգրկվեն քննիչ հանձնաժողովում․ զոհերի հարազատներ


Ապրիլյան պատերազմի հանգամանքները պատշաճ քննելու և իրականությունը հանրության դատին ներկայացնելու կողմնակից է քառօրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապը՝ Գևորգ Աբաջյանը:

«Մի քանի անգամ խոսել եմ պատերազմի մասնակից զոհվածների ծնողների, հարազատների հետ: Բոլորը մի կարծիքի են, որ դրան պետք է անպայման անդրադառնալ, որովհետև շատ-շատ հարցեր կան չլուծված, չբացահայտված, որը պահանջում է լուծում և բացահայտում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գևորգ Աբաջյանը:

Ազգային ժողովում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին անցած շաբաթ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչև վարչապետի պաշտոնը ստանձնելը ևս Փաշինյանը քառօրյա պատերազմի անդրադառնալիս՝ պնդում էր, որ այն պատշաճ քննության չի արժանացել, ինչը լուրջ խնդիր է: Ըստ նրա, ռազմական հետախուզությունը ամենօրյա ռեժիմով ահազանգեր հնչեցրել է հակառակորդի գործողությունների մասին, սակայն զինվորական և քաղաքական իշխանությունը դրանց ըստ արժանվույն չեն արձագանքել:

Գևորգ Աբաջյանն էլ այս մասին հարցեր ունի և հանձնաժողովից ակնկալում է անկեղծ պատասխաններ․ - «Ինձ անընդհատ հուզող հարցը այն է, թե այն մնացած՝ զենքի պակասություն, վառելիքի պակասություն, սննդամթերքի․․․ դրանք մի կողմ․․․ ինձ անընդհատ հուզում է այն հարցը, թե եթե ապրիլի 2-ի գիշերը ժամը 1:30-2-ին սկսվել էր լայնածավալ գործողություն ադրբեջանցիների կողմից, ինչո՞ւ զորամասերին տագնապ տրվել է միայն առավոտյան՝ ես ինչքան գիտեմ՝ 7-ի կողմերը, եթե ոչ ուշ»:

19-ամյա Ռոբերտ Աբաջյանը զոհվել էր ապրիլի 2-ի գիշերը՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս: Նա քառօրյա պատերազմում՝ ապրիլի 2-ին զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարած վաշտի զինվորներից է եղել:

Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանն էլ ակնկալում է, որ ստեղծվելիք հանձնաժողովը կպատասխանի իրեն տանջող հարցերին․ - «Ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության համար դա վտանգավոր է կամ ամոթալի: Ոչ: Թող բացահայտեն, բոլորը իրենց սխալը զգան, իրենց տարածները վերադարձնեն բանակին: Ինչո՞ւ պետք է մարսեն էս մեր տղաների արյունը: Ես չեմ կարողանում հանգստանալ, կոկորդիս կանգնած է դա: Ես չեմ ուզում հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ չորս տղաները գրոհ են տվել երկու անգամ, ուժեր են ուզել իրենց պաշտպանող, սակայն տղաներին թողել են կրակի առջև: Կեսը ասում են՝ հրաման չի եղել, կեսը չգիտեմ ինչ են ասում։ Մեծամասնությունը ասում են հրաման չեն ունեցել»:

2016-ի ապրիլին հայկական կողմն ավելի քան հարյուր զոհ, ինչպես նաև տարածքային կորուստ ունեցավ: Ապրիլյան պատերազմի օրերին բանակում հայտնաբերվեցին աղմկահարույց խախտումներ և չարաշահումներ: Նաև այս հարցերը քննող հանձնաժողովի ձևավորման հարցը դեռևս հայտարարությունների փուլում է: Դեռ հայտնի չէ՝ ովքեր են ընդգրկվելու հանձնաժողովի կազմում: Հայտնի է միայն, որ այն ղեկավարելու է Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը:

«Պետք է պարտադիր անդամ կցեն նաև ծնողներին, որովհետև ծնողներից շատ սրտացավ ոչ ոք չի լինի», - կարծում է Համեստ Ներսիսյանը:

Գևորգ Աբաջյանը համակարծիք է․ ֊ «Ես գտնում եմ, որ անպայման պետք է ապրիլյան պատերազմում զոհված տղաների ծնողները մասնակից լինեն հանձնաժողովում»:

Ապրիլյան պատերազմի օրերին բանակում հայտնաբերված խախտումներն ու չարաշահումների մեղավորները, անապատիժ են մնացել, և ստեղծվելիք հանձնաժողովը պետք է գործն ավարտին հասցնի, ասում է Ուրֆանյանի մայրն ու հավելում՝ «մեկ-երկուսի պատասխանատվության հարց չէ, մեղավորների շղթա կբացահայտվի, եթե իշխանությունը խոստումը կատարի»:

Բանակի պատասխանատուների բացթողումները միայն հանձնաժողովում չպետք է քննվեն, ասում է Գևորգ Աբաջյանը և հավելում՝ մեղավորները քրեական պատասխանատվություն պետք է կրեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG