Մատչելիության հղումներ

Բարձրաստիճան դատավորների ունեցվածքը՝ ըստ վերջին հայտարարագրերի


Փաշինյանի աջակիցները շրջափակում են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մուտքը, արխիվ
Փաշինյանի աջակիցները շրջափակում են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մուտքը, արխիվ

Հայաստանում դատական իշխանության բարձաստիճան ներկայացուցիչների մեծ մասը դրամային միլիոնատերեր են, մյուսները, գոնե ըստ պաշտոնական հայտարարագրերի, մեծ ունեցվածք չունեն։

Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ով 2001 թվականից դատավոր է, 2013-ից՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ, իսկ 2018-ից Վճռաբեկ դատարանի նախագահ, ըստ հայտարարագրի, չունի որևէ բնակարան կամ առանձնատուն։ 2014-ին ձեռք է բերել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա և օտարել «Գազ 3110»։

Վճռաբեկ դատարանի նախագահի եկամուտը 3 աշխատանքային աղբյուրներից 2018 թվականին կազմել է 12 միլիոն դրամ: Նա նաև ունի 6,000 ԱՄՆ դոլար և 22 միլիոն դրամ խնայողություն: Ընդ որում, 2011-2018 թվականների հայտարարագրերում այս միջոցները ավելացել են առավելագույնը 1-3 միլիոն դրամով։

Խունդկարյանի կինը՝ Ռուզաննա Գևորգյանը 2011 թվականից ի վեր որևէ անշարժ կամ շարժական գույք, արժեթղթեր կամ փոխառություններ չի հայտարարագրել։

Օրերս «Ազատությանը» տված հարցազրույցում Վճռաբեկ դատարանի ղեկավարը, ով ի պաշտոնե նաև Դատավորների միության նախագահն է, հայտարարել էր, որ անձամբ որևէ մտավախություն չունի իր ունեցվածքը ստուգման ենթարկելու վերաբերյալ։

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, ի տարբերություն Խունդկարյանի, հայտարարագրել է մի քանի անշարժ գույք, մասնավորապես՝ 3 բնակարան, 2 առանձնատուն, ինչպես նաև շուրջ 65 հազար դոլար և 25 միլիոն դրամ։ 1996-2001թթ, ապա 2010-ից մինչ օրս բարձրաստիճան պաշտոնյա Թովմասյանը անցյալ տարի փոխառության է հանձնել 82 հազար դոլար։ Նրա աշխատավարձը մեկ տարում կազմել է 8 միլիոն, 800 հազար դրամ։ Նրա կինը՝ Լամարա Խուդավերդյանը, ըստ հայտարարագրի, ունի ընդամենը 7 միլիոն դրամ, տարվա ընթացքում այլ եկամուտներ չի ունեցել։

Օրերս հրաժարական ներկայացրած Բարձրագույն դատական խորհրդի արդեն նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, ով 1990 թվականից բարձրաստիճան պաշտոնյա է, 1996-2018 թվականներին Սահմանադրական դատարանի նախագահ, ապա 2018-ի մարտից՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, իր վերջին պաշտոնը ստանձնելու հայտարարագրերում նշել է՝ ունի մեկ առանձնատուն, հողամաս և հասարակական նշանակության շինություն, իսկ ավտոմեքենա, արժեթղթեր կամ փոխառություններ չունի: Որպես անձնական դրամական միջոցներ էլ հայտարարագրել է 1,000 ԱՄՆ դոլար, 1,500 եվրո և 13 միլիոն դրամ։ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում մեկ տարում նրա աշխատավարձը կազմել է ավելի քան 16 միլիոն դրամ։

Գագիկ Հարությունյանի կինը՝ Անահիտ Խաչատրյանը 2014 թվականին ունեցել է շահաբաժնից ստացված եկամուտներ՝ 6 միլիոն 800 հազար դրամ: Ըստ նրա կնոջ վերջին՝ 2017-ի հայտարարագրի, Անահիտ Խաչատրյանի խնայողությունները կազմում են 11 հազար դոլար և ավելի քան 1 միլիոն դրամ, իսկ ողջ տարում կենսաթոշակը կազմել է մոտ 400 հազար դրամ:

Դատական համակարգի մեկ այլ բարձրաստիճան ներկայացուցիչ՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, համեմատաբար երիտասարդ Վազգեն Ռշտունին, ով 2005 թվականից աշխատում է դատական համակարգում, 2008-ից արդեն որպես դատավոր, իսկ 2016-ից որպես Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, անձամբ դեմ չէ վեթինգի ենթարկվելուն, բայց ինչպես նշեց երեկ դատավորների ընդհանուր ժողովից առաջ՝ ճեպազրույցում, տեղին չի համարում վեթինգը ողջ համակարգի պարագայում։ - «Պատրաստ եմ անցնել, բայց չեմ ողջունում, որ մեզ բոլորիս պետք է վեթինգի ենթարկվենք: Կարծում եմ դուք բոլորից լավ կարողանում եք բոլորիս վեթինգի ենթարկել՝ մամուլը, համենայնդեպս: Դրա համար ընդհանուր ժողովում կքննարկենք», - մեկնաբանեց նա:

Վազգեն Ռշտունին 2016-ին վերջին պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է 1 բնակարան, 1 ավտոմեքենա, 25 միլիոն դրամ և 42 հազար դոլար: 2018-ին նրա դոլարային միջոցները նույնն են մնացել, իսկ դրամականը ավելացել է 6 միլիոնով և կազմել 31 միլիոն դրամ: Բացի այդ՝ դատավորը ստացել է 8 միլիոն դրամ աշխատավարձ։ Կինը՝ Մանե Ռշտունին, իր վերջին՝ 2013 թվականի հայտարարագրում նշել է՝ ունի 3.5 միլիոն դրամ և 10 հազար դոլար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG