Մատչելիության հղումներ

«Ոչնչից մեծ աղմու՞կ», թե՞ «Օպերան քանդում են»


Վաղը Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պրեմիերա է․ Ռոսսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերայում տենոր Պերճ Քարազյանը Կոմս Լիբենսկոֆ է, միայն թե․․․ կոլեկտիվի աշխատանքային ժողովը քայքայեց բոլորի նյարդերը։

Օպերայի շուրջ թարմ բորբոքումների առիթը թատրոնի կառավարման խորհրդի ղեկավարի պաշտոնում Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի ընտրվելն է։ Նրան ընտրել են խորհրդի բոլոր անդամները միաձայն՝ այդ թվում թատրոնից ընտրված երկու հոգին՝ տենոր Քարազյանն ու բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանը:

Կոլեկտիվի մի մասը հարցեր ուներ: «Գոնե ցուցադրական կարո՞ղ էիք դեմ քվեարկել Ղարիբյանի թեկնածությանը, որպես դեմարշ», - գործընկերներից դժգոհ է դիրիժոր Հարություն Արզումանյանը: - «Ինչո՞ւ այսքան ժամանակ ոչ մի հարցով Օպերային չեք աջակցել, այլ միայն խանգարել եք: Կամ ինչո՞ւ եք ակտիվ պայքար մղում պարոն Օրբելյանի դեմ»:

Կառավարման խորհրդում օպերային թատրոնի երկու ներկայացուցիչներն էլ շատ երկաար բացատրություններ ներկայացրին․ որ Նազենի Ղարիբյանը կարող է «ամենակարճ կամուրջը լինել կառավարության հետ շփումներում», որ քվեարկել են «միայն թատրոնի շահից ելնելով»:

Չանցավ, նրանց դավաճաններ անվանեցին:

«Ով ազատել ա մեր տնօրենին պաշտոնից, էդ մարդը ուրեմն մեր թատրոնին դեմ է», - ասաց մեներգիչ Հայկ Տիգրանյանը:

Հարություն Արզումանյան․ - «Էդ Նազինի Ղարիբյանի շնորհքն ա, որ մեզ իրար թշնամի ա փորձում սարքել: Եվ, իհարկե, շատ ցավում եմ»:

Կոլեկտիվում որոշեցին Ղարիբյանի հրաժարականի ու խորհրդում իրենց երկու ներկայացուցիչների հետկանչի հարցը քննարկել առաջիկա օրերին՝ փակ ժողովում։

Խորհրդի անդամ Պերճ Քարազյանն ասաց․ - «Ես չեմ ասի, որ դրանից նեղացել եմ, որովհետև այսպիսի մթնոլորտում լինում ա»:

Նա հավելեց, որ հրաժարական չի ներկայացնի․ - «Էս 2-3 օրվա համար անիմաստ բան է: Բայց որ ասեմ ոգևորված եմ, որ շարունակեմ, սուտ կլինի»:

Պերճ Քարազյանը գործընկերներին հավատացնում է, թե կառավարման խորհուրդը Օրբելյանի հարցը չի քննարկել, բայց ժողովականները վստահ են, որ Նազենի Ղարիբյանը կազատվի թատրոնի դիրիժոր Կոնստանտին Օրբելյանից ու չեն կասկածում՝ կքանդի Օպերան․ - «Մարդը էկել ա քանդում ա մեր թատրոնը»:

Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի ձևակերպմամբ՝ կրկին ոչնչից մեծ աղմուկ է․ - «Եվ այն էլ ապատեղեկատվության հիման վրա: Դարձյալ քաղաքական ենթատեքստ ունի, կամ փորձում են քաղաքական ենթատեքստ տալ»:

Ղարիբյանն ասաց, թե ինքը բոլորովին էլ թատրոնի կառավարման խորհրդի ղեկավար դառնալ ցանկություն չուներ: Ավելին՝ փորձել է հրաժարվել, բայց խորհրդի կազմը պնդել ու միաձայն կողմ է քվեարկել:

Նա ասաց, որ կոլեկտիվի ժողովն ու այդտեղ հնչած իր հրաժարականի կոչերը անակնկալ էին: Խորհուրդը, ըստ Ղարիբյանի, թատրոնի ստեղծագործական գործերին խառնվելու մտադրություն չունի: Այն կառավարման, ֆինանսավորման, բարերարների հետ աշխատելու համար է:

Նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ եթե անգամ հրաժարական տա, ապա կլինի իր ցանկությամբ, ոչ թե բողոքավորների․ - «Հնարավոր է, որ հասկանամ, որ սա ևս մեկ ավելորդ օղակ է իմ վզին, և հրաժարվեմ»:

Թատրոնի կառավարման խորհրդի անդամ է նաև Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը: Նա առայժմ կողմերին խաղաղության կոչ է անում, ասում է, որ այդ խորհուրդը նախկինում էլ նախկին նախարար Հասմիկ Պողոսյանն է ղեկավարել, և Ղարիբյանը ընտրվելը բնական է․ - «Չեմ կարծում, որ կռիվները կամ ինչ-որ ժողովները կնպաստեն մշակութային քաղաքականությանը: Դրա համար կա լեզու»:

Սաթյանն ասաց, որ առայժմ լավ չի պատկերացնում, թե խորհուրդն ինչով է զբաղվելու, բայց շեշտեց՝ կարևորը չխանգարելն է․ - «Կոնստանտին Օրբելյանը անում է հնարավորին չափով այն, ինչ որ կարող է անել: Ես կարծում եմ, որ Կոնստանտիկ Օրբելյանին պետք է ուղղակի օգտակար լիներ»:

Անդրադառնալով թատրոնի կոլեկտիվի հիմնական մտահոգությանը, թե Նազենի Ղարիբյանն ուզում է ազատվել Կոնստանտին Օրբելյանից՝ Սաթյանն ասաց, թե նման հարց նիստում քննարկվել չէր էլ կարող:

Ղարիբյանը մեկ անգամ էլ հաստատեց․ - «Իհարկե ոչ: Ես գեղարվեստական ղեկավարի հետ որևէ գործ չունեմ: Գեղարվեստական ղեկավարին աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է հաստատության տնօրենը»

Ի դեպ, օրերե առաջ Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Փաշինյանի ու Նազենի Ղարաբյանի: Դիրիժորը պահանջում է անվավեր ճանաչել վարչապետի որոշումը ղարիբյանին նախարարի պաշտոնակատար նշանակելու և Ղարիբյանի հրամանը իրեն՝ Օրբելյանին ազատելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG