Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը և միջազգային միջնորդները անդրադարձել են նաև բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնմանը


Բակո Սահակյանն ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: 30-ը հոկտեմբերի, 2018 թ․
Բակո Սահակյանն ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: 30-ը հոկտեմբերի, 2018 թ․

Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտում են, արդեն կայացել է նրանց հանդիպումը Արցախի ղեկավար Բակո Սահակյանի հետ: Վերջին անգամ միջնորդները Ղարաբաղում քննարկումներ են անցկացրել անցած տարվա հոկտեմբերի 30-ին։

Այսօր քննարկել են սահմաններում տիրող իրավիճակն ու վերջին զարգացումները: Բակո Սահակյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, շեշտել է բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման և հակամարտության կարգավորման բոլոր փուլերին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը:

Միջնորդները տարածաշրջանային այց են կատարում․ երեկ հանդիպումներ անցկացրեցին Երևանում՝ Հայաստանի վարչապետի, Արտաքին գործերի ու Պաշտպանության նախարարների հետ։ Ստեփանակերտից հետո կլինեն Բաքվում։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, Զոհրաբ Մնացականյանի հետ համանախագահների երեկվա հանդիպման ժամանակ ևս անդրադարձ է եղել բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավմանը, ինչպես նաև խաղաղության միջավայրի ձևավորմանը, հումանիտար փոխգործակցությանը, մարդկանց շփումների հաստատմանը վերաբերող հարցերին:

Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի փոխանցմամբ՝ պաշտոնական Ստեփանակերտը այսօր հանդիպմանը պետք է նաև այլ հարցեր բարձրացնել․ - «Իհարկե, խոսում ենք բոլոր թեմաների մասին: Դա և՛ խաղաղ կարգավորումն է, և՛ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնումն է: Արդեն 2019 թվականի դինամիկան ցույց է տալիս, որ այս տարի է՛լ ավելի հագեցած է լինելու՝ Ադրբեջանում զորավարժությունների տեսանկյունից: Բնական է, այս ամենի մասին խոսելու ենք, որովհետև սա առնչվում է հակամարտության կարգավորման և տարածաշրջանային զարգացումներին»:

Բաբայանը ասաց, որ բարձրացնելու են ոչ միայն այս զորավարժությունների հարցը․ - «Կես ամիս առաջ նրանք անցկացրին ևս խոշոր զորավարժություն Թուրքիայի հետ: 2017 թվականի սկզբին՝ նորից Թուրքիայի հետ խոշոր զորավարժություն: Սա, եթե չեմ սխալվում, հինգերորդ կամ վեցերորդ զորավարժությունն է, որ Ադրբեջանը անց է կացնում: Սա ցույց է տալիս Ադրբեջանի իրական նպատակները, դրանց հասնելու եղանակները, որոնք Ադրբեջանը մշակում է, որպեսզի ապայում էլ ոչնչացվի արցախյան պետականությունը: Իրենք դա չեն թաքցնում: Վերջին զորավարժությունների ժամանակ առհասարակ զինվորներին կանգնեցրել էին շարք և գրել էին՝ Շուշին պիտի գրավենք»:

Ադրբեջանը սկզբունքորեն դեմ է բանակցություններին Ղարաբաղի մասնակցությանը: Անդրադառնալով Հայաստանի վարչապետի դիրքորոշմանը, որ Ղարաբաղը պետք է ներգրավված լինի բանակցային գործընթացում՝ Էլմար Մամեդյարովը հերթական անգամ ասել է, որ բանակցությունների այսօրվա ձևաչափը որոշվել է դեռևս 1992 թվականին, մնացածը, ըստ Ադրբեջանի արտգործնախարարի, բանակցային գործընթացը ձգձգելու փորձ է:

Այս դիտարկմանը Դավիթ Բաբայանն արձագանքեց․ - «Նա խեղաթյուրում է փաստերը: Այդպիսի բան չի եղել: Լիարժեք ձևաչափը մի քանի անգամ է որոշվել, այդ թվում՝ 1992 թվականին, որտեղ Արցախը նշված է որպես կողմ: Իսկ ամենակարևորը՝ 1994 թվականի Բուդապեշտի գագաթնաժողովի ժամանակ: Մամեդյարովը այսպիսի հայտարարություններով փաստերոն անպատվում է Իլհամ Ալիևին և նրա հորը՝ Հեյդար Ալիևին: Իսկ նա, ինչքան ես գիտեմ, Ադրբեջանում համազգային առաջնորդ է ցմահ: Հեյդար Ալիևը բազմաթիվ անգամներ հանդիպել է, և նույնիսկ նամակներ կան Արցախի համապատասխան կառույցներին, որտես նա անմիջապես դիմում է Արցախի հանրապետության ռազմական և քաղաքական ղեկավարությանը զինադադարի ռեժիմի պահպանման և կնքման մասին: Այսինքն, այդ շփումները եղել են: Սա թյուրիմացության մեջ մտցնելու մի փորձ է: Ինչպես նաև իրենց իսկ պատմությունը խեղաթյուրել է»:

«Ոչ միայն պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը պետք է շահագրգռված լինեն Ղարաբաղին վերադարձնել բանակցային սեղան, այլ ԵԱՀԿ միջնորդները», - կարծում է վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը։ - «Պարտավոր են Մինսկի խմբի համանախագահները ապահովել լիարժեք ֆորմատ և միջազգային սկզբունքները և Հելսինկյան եզրափակիչ ակտը: Նաև կոնկրետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար սկիզբ դրած Մինսկի գործընթացը հռչակել է, որ լուծումը չի կարող պարտադրվել հակամարտության գոտում բնակվող մարդկանց: Հետևաբար փակուղին պետք է լուծվի բոլորի կողմից, դա միայն պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի խնդիրը չէ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը պետք է մեկնաբանվի որպես քաղաքական կամքի և պատրաստակամության բացակայություն՝ քաղաքական եղանակով խնդիրը լուծելու»:

Պաշտոնական հաղորդագրություններում խոսք չկա Փաշինյան - Ալիև հնարավոր հանդիպման մասին, բայց այս այցի շրջանակներում, ըստ պաշտոնական Երևանի, շարունակվել են քննարկումները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման նախապատրաստման շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG