Մատչելիության հղումներ

Արտակ Դավթյան․ Հասարակության մեջ առկա հարցերի պատասխանը պետք է տա քննիչ հանձնաժողովը


Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ով բարձրաստիճան զինվորական էր նաև 2016 թվականին, չի բացառում, որ Ազգային ժողովում ապրիլյան քառօրյա պատերազմի հարցով ստեղծվելիք քննիչ հանձնաժողովի բացահայտումների արդյունքում բարձրաստիճան պաշտոնյաներ ոչ թե պատասխանատվության ենթարկվեն, այլ խրախուսվեն իրենց աշխատանքը լավ կատարելու համար։

Իսկ հարցին՝ նման հանձնաժողովի անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ, Գլխավոր շտաբի պետը արձագանքեց․ - «Վարչապետի հրամանները զինվորականները ոչ թե քննարկում, այլ կատարում են: Քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը հարցրեք վարչապետին, ինքը կասի: Անհրաժեշտություն կա: Եթե հասարակության մեջ կան հարցեր, որոնք պետք է լուծումներ գտնեն, այդ հարցերի պատասխանը պետք է տա քննիչ հանձնաժողովը»:

Անցած շաբաթ կառավարությունում ունեցած ելույթի ընթացքում Փաշինյանը խոսել էր դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու որոշ շրջանակնների նպատակների մասին: Նկարագրած հնարավոր սցենարը վարչապետը որակել էր պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, և որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի վարչապետ, պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ասել էր, որ ձեռնարկելու է ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար:

Հարցին, թե արդյոք այս առումով վարչապետից հանձնարարականներ ստացել է, ԶՈՒ գլխավոր շտաբի պետն արձագանքեց․ - «Խնդիրները, որոնք դրվել են, որը հրապարակման ենթակա է, հրապարակվել են, որը հրապարակման ենթակա չէ, իրավունք չունենք ասելու»:

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը փոխանցեց, որ քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի վերաբերյալ հստակություն խորհրդարանականները դեռ չունեն:

Սասուն Միքայելյան
Սասուն Միքայելյան

Հետաքրքական է նաև այն, որ, Սասուն Միքայելյանի պնդմամբ, հանձնաժողովը քննության առարկա կդարձնի Փաշինյանի հնչեցրած «դավադիր պատերազմի» մասին հայտարարությունը․ - «Հանձնաժողովը կձևավորվի, պարզ կլինի, դուք կիմանաք: Այդ հանձնաժողովը դրա համար ա ձևավորվում»

Որո՞նք այդ դավադիր ուժերը․ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոյանն ասում է՝ հանրությունը լավ գիտի նրանց, իսկ իրենք անուններ չեն տալիս, քանի որ չեն ցանկանում գովազդել այդ մարդկանց․ - «Այդ մարդկանց անունները տալու պարագայում իրանց աշխատավարձը կբարձրանա: Աշխատավարձ տվողի անունները ես ասեցի՝ էն մարդիկ են, ովքեր որ այսօր փորձում են իրենց ժամանակին գողացվածը պահպանել, իրենց անվտանգությունը նախկին արածների համար պահպանել»:

Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան

Դիտարկմանը, թե ընդդիմադիրները, մասնավորապես, Էդմոն Մարուքյանը («Ելք» խմբակցության ղեկավար) ավելի նպատակահարմար էին գտնում, որ նման հայտարարությունների փոխարեն հանձնարարություն տրվեր իրավապահներին, գործը բացահայտվեր և նոր միայն այդ մասին հայտարարվեր, Սիմոնյանն արձագանքեց․ - «Էդմոն Մարուքյանին կարող եմ պատասխանել, որ մենք ասում են և տալիս այն մարդկանց անունները, որոնք գտնում ենք այդ պահին ճիշտ: Որովհետև այն պարագայում, եթե մենք որևիցե անուն ենք հնչեցնում, դա լինում է ոչ թե քաղաքական գնահատական, այլ դա դառնում է արդեն կոնկրետ մեղադրանք»:

Պատասխանելով ՀՅԴ վերջին հանրահավաքին հնչեցրած մեղադրանքին, թե Նիկոլ Փաշինյանը երկրի ներսում որոշ ուժերի պատերազմ հրահրելու մեջ մեղադրելով խաղաքարտ է տալիս Ադրբեջանին, ով այս հայտարարությունից հետո միջազգային կառույցներում միշտ կարող է հնարավոր սրացումների պատասխանատվութունը բարդել Հայաստանի վրա՝ Ալեն Սիմոնյանը ասաց․ - «Հայաստանի Հանրապետությունը, ի տարբերություն Ադրբեջանի, ազատ և ժողովրդավար երկիր է: Եվ Հայաստանի Հանրապետությունում չքննվող հարց գոյություն չունի, և հարցերը բարձրացնելիս մենք հետապնդում ենք մի նպատակ՝ թույլ չտալ, որ նենց լինի, որ, Աստված մի արասցե, մեր զինվորը, իմ տղան, որը մի քանի տարի հետո բանակ է գնալու, կանգնած լինի սահմաններում և փամփուշտ չունենա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG