Մատչելիության հղումներ

ԲԴԽ-ն «չի կատարում իր գործառույթները և վստահություն չի ներշնչում»․ դատավոր


Դատավորների ընդհանուր ժողովի արտահերթ նիստի վերջում ընդունված հայտարարությունում դատավորները մեղադրանքի սլաքներն ուղղեցին Բարձրագույն դատական խորհրդին՝ շեշտելով, որ «ԲԴԽ անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը և այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը»։

ԲԴԽ-ի ղեկավար Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց անցած ուրբաթ՝ այդպես էլ, ըստ էության, ուղղակիորեն չբարձրաձայնելով հրաժարականի բուն պատճառը: Նրա հրաժարականին նախորդել էր վարչապետ Փաշինյանի հայտնի ելույթը՝ դատական համակարգում վիրահատական միջամտության և դատավորներին վեթինգի ենթարկելու անհրաժեշտության մասին:

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ անցած երկուշաբթի վարչապետի կոչից հետո, երբ ագրելափակվեցին դատարանների մուտքերն ու ելքերը, ԲԴԽ-ն որևէ չարձագանքեց այդ երևույթին։ Եվ հենց այս պատճառով են պնդում, որ այդ կառույցը չի երաշխավորում դատավորների անկախությունը։

Լիզա Գրիգորյանը, ով ևս երեկ մասնակցում էր նիստին, հավելեց․ - «Չենք մեղադրում, որ իրենք փակել են, այլ ասում ենք, որ որևէ գնահատական դրան չտրվեց: Եվ դատավորները, ըստ էության, որևէ ձևով չզգացին այն աջակցությունը, կամ ուղղորդումը, կամ խորհուրդը, որ այդ մարմինները պետք է տային: Կարծում ենք, որ ճիշտ չէ, որ ամեն դատավոր ինքը որոշում է, թե հիմա ինչ անի, կամ ում հարցնի, թե ինքը ինչ անի»:

Դատավորների երեկվա հայտարարության տակ ստորագրած Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը կարծում է, որ ԲԴԽ-ն պետք է կազմաքանդվի, քանի որ չի կատարում իր գործառույթները և վստահություն չի ներշնչում։

Մինչև Գագիկ Հարությունյանի հրաժարականը ԲԴԽ կազմում գերակշռում են իրավաբան գիտնականները, որոնք, ըստ Սուքոյանի, խորթ են դատական համակարգին և «չընկալեցին իրենց խնդիրը»։

Ըստ Սուքոյանի, վերջին մեկ տարում դատավորները բողոքարկել են ԲԴԽ-ի որոշումներ 70 տոկոսը․ - «Առաջինը, պետք է Բարձրագույն դատական խորհրդի անդամները, բոլորը, ընդ որում՝ և գիտնական իրավաբանները, փոխվեն, և ընդունեն այն հանրության կողմից ընկալված և վստահությունը ունեցած անձինք։ Եվ մեր կողմից հինգ դատավոր ընտրվի, որից հետո արդեն մենք ընտրենք՝ մեր կամքով, մեր պատկերացումներով: Ոչ թե նախկինում իշխանության կողմից թելադրված․․․ Այդ տասը հոգին, չեմ վախենա ասել՝ բյուրեղյա անձինք թող իրենց այդ գնահատականը տան մնացած բոլոր դատավորներին: Այն ժամանակ և՛ հանրությունը թող վստահի Բարձրագույն դատական խորհրդին, և՛ մենք՝ դատավորներս, բոլորին կվստահենք»:

Բարձրագուն դատական խորհուրդը, որը Հայաստանի սահմանադրությամբ պետք է երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը, ձևավորվել է 2018-ին, դեռ նախորդ իշխանության օրոք։ Անդամներից հինգին՝ իրավաբան գիտնականներին ընտրում է Ազգային ժողովը, մյուս հինգ էլ դատավորի ընդհանուր ժողովը դատավորների կազմից։

Դատավոր Սուքոյանը նշում է, որ ինքը կողմնակից էր հայտարարությունում ավելի սուր ձևակերպումների՝ ուղղված ԲԴԽ-ին։

Ի վերջո երեկ կայացած նիստում, ըստ դատավոր Սուքոյանի, որոշվեց ընտրել այս ձևակերպումները․ - «Վերջնական տեքստը այսպես ընտրվեց, որ դատավորների ընդհանուր ժողովը անվստահություն է հայտնում, եթե ես չեմ սխալվում, Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքին: Կար երկրորդ տարբերակը՝ ավելի իմպերատիվ․ և կոչ անել, որպեսզի իրենք վայր դնեն իրենց մանդատները»:

«Ազատության» հարցին, թե ինչու իրենց հայտարարությունում հենց դատավորների հասցեին քննադատություն տեղ չի գտել և սահմանափակվել են միայն բարձրագույն դատական խորհրդի թերությունները բարձրաձայնելով, դատավոր Սուքոյանը արձագանեց, որ իրենց խնդիրների մասին ևս քննարկումներ ծավալել են և որոշել են ընդունել վարչապետի առաջարկը՝ բարեփոխել դատական համակարգը:

Բարձագուն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում շեշտում է, որ ԲԴԽ-ն չի կարող կազմաքանդվել՝ հորդորելով որոշ դատավորների իրենց մեղքի չբարդել այս կառույցի վրա։ Հովհաննիսյանն ընդգծում է, որ իրենց որոշումների մեկ տոկոսն է վիճարկվել, ոչ թե, ինչպես դատավոր Սուքոյանն է պնդում, 70-ը։

«Արդարադատական այս ամբողջ համակարգը կմատնվի կոլապսի, որը կբերի նրան, որ հանցագործները դուրս կգան կալանքի վայրերից, անմեղ մարդիկ կմնան ժամանակավոր անազատության մեջ կամ անազատության մեջ: Արդարադատության իրականացումը կանգ կառնի ընդհանրապես», - նշեց Հովհաննիսյանը:

Նա պնդեց, թե դատավորները, որոնց անկախության և արդարադատություն իրականացնելու մասին տարիներ շարունակ իրավապաշտպաններն ու որոշ փաստաբաններ բացասական գնահատականներ են հնչեցրել, քավության նոխազ են որոնում իրենց շարքերից դուրս․ - «Կարծում եմ, որ մեր նորանկախ պատմության 30 տարիների ընթացքում դատական իշխանությունը չկարողացավ վայելել հանրային վստահությունը, հանրային վստահության պակասը հանգեցրեց հանրային պոռթկման, և հիմա, բնականաբար, որոշ դատավորներ պետք է ասեն, որ իրենք չեն մեղավոր, իրենք հրեշտակներ են, իսկ մեղավոր են ուրիշները, օրինակ՝ Բարձրագույն դատական խորհուրդը»:

Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ ԲԴԽ-ին քննադատելը ամենևին չի նշանակում, որ դատավորները չունեն իրենց մեղքի բաժինը դատական համակարգում ստեղծված իրավիճակի համար․ - «Այստեղ հստակ ակնարկ կա, որ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է վերակազմավորվի այնպես, որ արտահայտի դատավորների միասնական կամքը: Եվ, կարծես թե, դատավորները ցանկանում են, որ հետագայում վեթինգը իրականացնի հենց ԲԴԽ-ն և ոչ թե որևէ այլ մարմին, ինչը, ես կասեի, որ մի քիչ խնդրահարույց մոտեցում է, որովհետև ինքնին ԲԴԽ-ն կազմավորվում է դատավորների կողմից, և չեն կարող դատավորներն իրենք իրենց վեթինգի ենթարկել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG