Մատչելիության հղումներ

ՀԱԿ փոխնախագահ․ «Մենք պիտի հասկանանք՝ Հայաստանում հակամարտություն է»


ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան, արխիվ
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան, արխիվ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահի համոզմամբ, «երբեք չպիտի էլ ընտրվեր ՍԴ անդամ»: «Որովհետև Հրայր Թովմասյանը էն մարդն է, որը կատարել է և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի ուզուրպացիոն գործունեության լեգիտիմացումը», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Լևոն Զուրաբյանը:

«Ինչ որ Սերժ Սարգսյանին պետք էր իր այս ուզուրպացիան առաջ տանելու համար՝ Ընտրական օրենսգիրք լինի, Սահմանադրություն լինի, էդ բոլորը մշակել է կամ գոնե մշակման մեջ նշանակալից ազդեցություն է ունեցել Հրայր Թովմասյանը, և դրա համար պարգևատրվել է նշանակումով Սահմանադրական դատարան: Ինչի՞ մասին է խոսքը, պարզ չէ՞, որ օր առաջ պետք է հրաժարական տա: Եվ բոլոր նրանք, ում միակ գործը եղել է ոչ թե արդարադատության մատուցումը հանրությանը, այլ արդարադատության մատուցման շղարշի տակ մի քանի բանդիտի շահերի սպասարկումը, բոլոր մարդիկ պիտի հրաժարական տան, հեռացվեն ու պատժվեն», - համոզմունք հայտնեց ՀԱԿ փոխնախագահը:

«Ազատության» դիտարկմանը, որ այդ տրամաբանությամբ՝ պիտի հեռանան Հայաստանի ոստիկանապետը, գլխավոր դատախազը, Զուրաբյանն արձագանքեց․ - «Իսկ ո՞վ ասեց, որ ես շատ երջանիկ եմ եղել Վալերի Օսիպյանի նշանակումով: Ես հենց իր նշանակման օրը ասացի, որ չէր կարելի նման մարդուն, որը զբաղվել է բռնաճնշումներով դեմոկրատական շարժման դեմ, նշանակել ոստիկանապետ: Հիմա էլ եմ էդ կարծիքի»:

Հարցին էլ, թե իր կարծիքով՝ դատավորը ինքնուրո՞ւյն է կայացրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու որոշումը, ՀԱԿ փոխնախագահը պատասխանեց․ - «Մենք պիտի հասկանանք՝ Հայաստանում հակամարտություն է: 20 տարի է՝ մի խումբ մարդիկ, սարքելով ղարաբաղյան հաղթանակը գրդոն, առևանգելով պետական մեքենան, տիրացել են մենաշնորհներին, իշխանական լծակներին, արտոնություններին, և այլն, և այլն, և մեծամասնությանը մեր ժողովրդի զրկել են հնարավորությունից՝ աշխատելու, մրցակցելու հավասար, ստեղծագործելու: Էս հեղափոխությունը տեղի ունեցավ հենց այդ պատճառով՝ ժողովուրդը ըմբոստացավ նման համակարգի դեմ: Իսկ Նիկոլ Փաշինյանի թիմը ստացավ իշխանությունը ժողովրդից հենց էդ նպատակով՝ որ ապամոնտաժի էդ անարդար համակարգը, առողջացնի քաղաքական, տնտեսական համակարգը Հայաստանում»:

«Հիմա մենք, ցավոք սրտի, տեսնում ենք, որ էդ գործընթացը շատ լուրջ, տերմին կա՝ «բուքսավատ» ենք ասում, բուքսավատ է անում՝ էդ գործընթացը լավ առաջ չի գնում: Սա արդեն ծաղրի է վերածվում, երբ որ Ռոբերտ Քոչարյանին մեկ բռնում են, մեկ բաց են թողնում, մեկ նորից բռնում են հերոսական ջանքերով, հետո նորից բաց են թողնում․․․ Ուրեմն՝ ինչ-որ բան սխալ է: Սա շատ վտանգավոր է նաև Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև, ասենք, շատերի մոտ արդեն սկսում է, անգամ վարկած են ներս գցում, որ ինքը վաղուց իրեն պիտի թողներ, ուղղակի գտավ էդ տարբերակը՝ պայմանավորվելու, բերելու, բան․․․ Սրան պետք է վերջ տալ», - շեշտեց Լևոն Զուրաբյանը:

Հիշեցնենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշում կայացրեց Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին, իսկ մայիսի 20-ին գործը կասեցրեց և ուղարկեց ՍԴ:

Մայիսի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հրավիրած խորհրդակցությունում հայտարարեց, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։ Ըստ նրա, առաջինը՝ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն այսպես կոչված վեթինգի:

Անցած շաբաթավերջին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG