Մատչելիության հղումներ

«ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության համակարգի կարևորագույն տարրերից մեկն է»․ Փաշինյանն ընդունել է Զասին


Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի թեկնածու, Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին այսօր ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարևորել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցում կազմակերպության անդամ երկրների միջև համաձայնության գալու փաստը: «Ուրախալի է, որ համաձայնության եկանք, որ 2020 թվականի հունվարի 1-ից ռոտացիոն սկզբունքով Դուք կստանձնեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: ՀԱՊԿ-ը հանդիսանում է ՀՀ անվտանգության համակարգի կարևորագույն տարրերից մեկը, և Հայաստանը շահագրգռված է այդ կառույցի արդյունավետ աշխատանքում: ՀԱՊԿ գործունեությունը մեր տարածաշրջանում պետք է նպաստի հավասարակշռության և խաղաղության պահպանմանը», - նշել է Նիկոլ Փաշինյանը: Նա հավելել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է գործեն կազմակերպության կանոնադրության տառին ու ոգուն համաձայն, և Հայաստանը հավատարիմ է այդ սկզբունքներին: Փաշինյանը հույս է հայտնել, որ Զասն իր գործունեությամբ կնպաստի ՀԱՊԿ անդամ երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցության և հավաքական անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացմանը:

Ստանիսլավ Զասը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ ընդունելության և Հայաստանի կողմից իր թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հավանության արժանացնելու համար: Նա նշել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ ՀԱՊԿ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու և անդամ պետությունների միջև համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել անվտանգության մարտահրավերներին, ռազմատեխնիկական գործակցությանը, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման խնդիրներին և այլն:

Փաշինյանը նշել է, որ Հայաստանը տրամադրված է երկխոսության մթնոլորտում շարունակել համատեղ աշխատանքը՝ գործուն օրակարգի ձևավորման և փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ:

Զասը ևս մեկ անգամ ընդգծել է, որ 2020 թվականի հունվարի 1-ից ստանձնելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ իր գործունեությունը ծառայեցնելու է հենց այդ նպատակների իրագործմանը և կազմակերպության անդամ պետությունների միջև անվտանգության ոլորտում փոխգործակցության ամրապնդմանը:

Նա նաև շնորհավորել է Հայաստանի վարչապետին և հայ ժողովրդին՝ Հանրապետության տոնի առթիվ, մաղթել խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում:

Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը:

Նախօրեին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուն հանդիպել էր Հայաստանի արտգործնախարարի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG