Մատչելիության հղումներ

ԲԴԽ-ն չի երաշխավորում դատավորների անկախությունը. Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարություն


Երեկ հինգ ժամից ավելի տևած նիստից հետո Վճռաբեկ դատարանի և Դատավորների միության նախագահ Երվանդ Խունդկարյանը լրագրողների համար ընթերցեց Դատավորների ընդհանուր ժողովի որոշումը:

«Նկատի ունենալով վերջին օրերի ընթացքում արդարադատության վերաբերյալ տարբեր հարթակներում ծավալված քննարկումները, համընդհանուր հասարակական ուշադրությունը դատական իշխանության նկատմամբ, ինչպես նաև զանգվածային տարբեր միջոցառումների շրջանակներում դատավորների հասցեին հնչող քննադատությունները՝ Դատավորների ընդհանուր ժողովը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ․

Դատավորների ընդհանուր ժողովը ևս կարևորում է դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը՝ այն համարելով համընդհանուր իրավական առաջընթացի ու զարգացման էական նախապայմանը, սակայն այն պետք է ունենա հստակ և հիմնավոր պատճառաբանված հայեցակարգ՝ տեսանելի ակնկալվող վերջնական արդյունքով:

Դատաիրավական բարեփոխումների արդյունավետությունը հնարավոր է ապահովել բացառապես իրավական ճանապարհով և իշխանության բոլոր ճյուղերի կառուցողական երկխոսության արդյունքում», - ասված է փաստաթղթում:

«Դատավորների ընդհանուր ժողովը՝ որպես դատական իշխանության ինքնակառավարման բարձրագույն մարմին, արտահայտելով դատավորների կամքը, պարտադիր է համարում ժողովի պատվիրակների մասնակցությունը դատական իշխանության բարեփոխումներին միտված միջոցառումների շուրջ քննարկումներին՝ համապատասխան մասնագիտական աջակցություն ցուցաբերելով հնարավոր գործիքակազմի ընտրության և դրանց կապակցությամբ օրենսդրական ակտերի նախագծերի մշակման հարցում», - նշված է հայտարարությունում:

«Դատավորների ընդհանուր ժողովը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ դատավոր դեմ չէ, որպեսզի հանրային վստահության ամրապնդման տեսանկյունից հասարակության ներկայացուցիչները տեղեկատվություն ստանան դատավորների գույքային դրության վերաբերյալ», - ասված է հայտարարությունում: - «Դատավորների ընդհանուր ժողովը ողջունում է դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդմանն ուղղված ցանկացած միջոցառում, որը սահմանված կլինի օրենքով և կիրականացվի օրենքի խստիվ պահպանմամբ: Ուստի Դատավորների ընդհանուր ժողովը կոչ է անում իրավասու մարմիններին դատաիրավական բարեփոխումներին ուղված ցանկացած օրենսդրական նախագիծ մշակելիս այն բխեցնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներից և Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններից, վեր կանգնել նեղ շահերից, բավարար երաշխիքներ նախատեսել շահագրգիռ անձանց իրավունքների ապահովման առումով և իրապես առաջնորդվել մեր երկրում արդարադատության որակի բարձրացման գաղափարով»:

«Դատավորների ընդհանուր ժողովը կարևորում է յուրաքանչյուրի՝ կարծիքն ազատ արտահայտելու՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները: Դատավորների ընդհանուր ժողովն ընդգծում է, որ ցանկացած առողջ, ողջամիտ քննադատություն՝ որպես կարծիքի ազատ արտահայտման միջոց, ընդունելի է նաև դատական իշխանության համար, քանի որ հնարավորություն է տալիս շտկելու առկա թերացումները: Այդուհանդերձ, Դատավորների ընդհանուր ժողովը գտնում է, որ կարծիքի ազատ արտահայտումը չի կարող ուղեկցվել դատավորների պատիվն ու արժանապատվությունը արատավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններով, ինչպես նաև դատարանների բնականոն գործունեությունը խաչընդոտելով, որոնք խարխլում են դատական իշխանության նկատմամբ հասարակական վստահությունը: Ուստի Դատավորների ընդհանուր ժողովը խստորեն դատապարտում է դատավորների հանդեպ ցանկացած անհարգալից գործողություն և կոչ է անում ձեռնպահ մնալ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորների պատիվն ու արժանապատվությունը արատավորող հայտարարություններից, դատարանների բնականոն աշխատանքը խոչընդոտող ցանկացած գործողությունից», - նշված է հայտարարությունում:

Հատարարության մեջ ասված է, որ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) չի արտահայտում դատավորների հավաքական կամքը․ - «Դատավորների ընդհանուր ժողովը արձանագրում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը, և այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը»:

Մայիսի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հրավիրած խորհրդակցությունում հայտարարեց, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։ Ըստ նրա, առաջինը՝ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն այսպես կոչված վեթինգի:

Անցած շաբաթավերջին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG