Մատչելիության հղումներ

Հայաստանը և Ուրուգվայը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 27-ամյակը


Հայաստանի և Ուրուգվայի պետական դրոշները Մոնտեվիդեոյում, արխիվ
Հայաստանի և Ուրուգվայի պետական դրոշները Մոնտեվիդեոյում, արխիվ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը և Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարությունը հրապարակել են մամլո հաղորդագրություններ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 27-ամյակի առթիվ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում ասված է․

«Մայիսի 27-ին լրանում է Հայաստանի և Ուրուգվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 27-ամյակը:

Անցած տարիների ընթացքում փոխադարձ հարգանքի և համակրանքի հիման վրա երկու պետությունների և ժողովուրդների միջև հաստատվել են ջերմ բարեկամության և սերտ համագործակցության կապեր: Երևանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության հիմնումը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

Գոհունակությամբ պետք է նշել, որ հայ-ուրուգվայական հարաբերություններում կարևոր դերակատարություն ունի հայ համայնքը, որը հաստատվել է Ուրուգվայում Մեծ Եղեռնից հետո: Ցեղասպանության ճանաչման գործընթացում Ուրուգվայը ստանձնեց առաջամարտիկի դերը՝ օրինակ ծառայելով ամբողջ աշխարհին և այդպիսով ցույց տալով իր հավատարմությունը համամարդկային արժեքներին։

Հայաստանը բարձր է գնահատում Ուրուգվայի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորին համոզմունք է հայտնում, որ ապագայում Հայաստանի և Ուրուգվայի հարաբերությունները է՛լ ավելի կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»:

Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում, որը տեղադրված նախարարության պաշտոնական կայքէջում, նշվում է, որ եղբայրական կապերը արմատավորվել են հազարավոր հայերի կարևոր գաղթով 20-րդ դարի սկզբում, որոնք մեծ ներդրում են ունեցել երկրի հասարակական և տնտեսական զարգացման գործում։

«27 տարվա ընթացքում Հայաստանի և Ուրուգվայը ամրապնդել են երկկողմ հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի և միջազգային իրավունքի հանդեպ համաձայնեցված քաղաքականության շնորհիվ։

Կարևորելով մարդու իրավունքների պաշտպանությունը և իրավական պետության առկայությունը՝ Ուրուգվայն ու Հայաստանը համաձայն են, որ միջազգային խաղաղությունը և անվտանգությունը պետք է հիմնված լինեն այն սկզբունքների վրա, որոնք են՝ հակամարտությունների խաղաղ կարգավորումը, ուժի կամ ուժի սպառնալիքի բացառումը, պետությունների տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ազատ արտահայտումը։

Երևանում վերջերս Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության բացումը վկայում է, որ երկու երկիրների միջև կան գերազանց հարաբերություններ, և այն մի քայլ առաջ է՝ ամրապնդելու համար երկու ժողովուրդների միջև բարեկամությունն ու համագործակցությունը», - ասված է Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG