Մատչելիության հղումներ

ԲԴԽ-ն չի երաշխավորում դատավորների անկախությունը. Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարություն


Վճռաբեկ դատարանի և Դատավորների միության նախագահ Երվանդ Խունդկարյան, արխիվ
Վճռաբեկ դատարանի և Դատավորների միության նախագահ Երվանդ Խունդկարյան, արխիվ

Հինգ ժամից ավելի տևած նիստից հետո Վճռաբեկ դատարանի և Դատավորների միության նախագահ Երվանդ Խունդկարյանը լրագրողների համար ընթերցեց Դատավորների ընդհանուր ժողովի որոշումը:

Հայտարարության մեջ ասված է, որ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) չի արտահայտում դատավորների հավաքական կամքը:

«Դատավորների ընդհանուր ժողովը արձանագրում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը, և այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը», - ասված է հայտարարությունում:

Ըստ հայտարարության, Դատավորների ընդհանուր ժողովը կարևորում է դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը՝ դրանք համարելով ընդհանուր իրավական առաջընթացի ու զարգացման էական նախապայման:

«Դատավորների ընդհանուր ժողովը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ դատավոր դեմ չէ, որպեսզի հանրային վստահության ամրապնդման տեսանկյունից հասարակության ներկայացուցիչները տեղեկատվություն ստանան դատավորների գույքային դրության վերաբերյալ», - ասված է հայտարարությունում:

Մայիսի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հրավիրած խորհրդակցությունում հայտարարեց, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։ Ըստ նրա, առաջինը՝ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն այսպես կոչված վեթինգի:

Անցած շաբաթավերջին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG