Մատչելիության հղումներ

Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը քննարկում է համակարգի հրատապ խնդիրները


Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում ընթանում է ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը:

Նիստը նախագահում է Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը:

Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում Խունդկարյանը նշել էր, որ արտահերթ ժողովում անդրադառնալու են Սահմանադրությանը, օրենքներին, Հայաստանի ստանձնած միջազգային այն պարտավորություններին, որոնք առնչվում են դատական համակարգի զարգացմանը, ինչպես նաև անցած շաբաթ հայաստանյան դատական համակարգի վերաբերյալ հնչեցված տեսակետներին:

Ժողովին մասնակցում է դատավորների կեսից ավելին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած, նրա քրեական գործով վարույթը կասեցրած և Սահմանադրական դատարան ուղարկած դատավոր Դավիթ Գրիգորյանը:

Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

Դատավորներից ոմանք լրագրողների հետ զրույցներում անդրադարձան անցած շաբաթ դատական համակարգի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի գնահատականներին՝ հնարավոր համարելով վեթինգի անցկացումը Սահմանադրության ու օրենսդրության շրջանակներում:

Մյուսները դեմ արտահայտվեցին վեթինգին՝ փաստարկելով, թե գործող օրենքներով արդեն կան անհրաժեշտ լծակները:

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, ում մասին վերջերս մամուլը գրել էր, թե մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշմանը, «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Գործը քննող դատավորին ճանաչում եմ որպես դատավոր, մտերիմ հարաբերություններ չունեմ նրա հետ: Թե՛ միջնորդավորված, թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի որևէ ձևով կապի մեջ չեմ գտնվել․․․ Միգուցե թե՛ համակարգում, թե՛ համակարգից դուրս մարդիկ կան, ում ես խանգարում եմ»:

Ռշտունին ասաց, որ պատրաստ է անցնել վեթինգը․ - Բայց չեմ ողջունում, որ մեզ բոլորիս պետք է վեթինգի ենթարկեն: Կարծում եմ, մամուլը բոլորից լավ կարողանում եք վեթինգի ենթարկեք: Ընդհանուր ժողովում կքննարկենք: Ես չեմ ուզում ընդհանուր ժողովին հակառակ կամ ինքնուրույն կարծիք հայտնել»:

Դատավորների ընդհանուր արտահերթ ժողովն այս պահին դեռ շարունակվում է: Ժողովի ավարտին կտարածվի համապատասխան հայտարարություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG