Մատչելիության հղումներ

Հայաստանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, Երևան, 27-ը մայիսի, 2019թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, Երևան, 27-ը մայիսի, 2019թ.

Հայաստանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, վարչապետ Փաշինյանը հանդիպել է համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, այդ թվում՝ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը վերաբերող հարցեր: «Այս համատեքստում կարևորվել է Վիեննայի գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Այս տեսակետից ընդգծվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման և լարվածություն առաջացնող գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը», - ասված է հաղորդագրությունում:

Վարչապետ Փաշինյանը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անդրադարձ են կատարել նաև մարդասիրական և մարդկանց միջև շփումների ոլորտներում քայլերի իրականացման հնարավորություններին:

Մինչև այդ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդներին ընդունել է նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Հանդիպումից որոշ մանրամասներ փոխանցեց արտգործնախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են այս տարի Վիեննայի գագաթնաժողովի և արտաքին գործերի նախարարների միջև Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները։ Անդրադարձ է կատարվել բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավմանը, խաղաղության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, հումանիտար ոլորտում փոխգործակցությանը, մարդկանց միջև շփումների հաստատմանն ուղղված հարցերին, անդրադարձ է եղել նաև համանախագահության ձևաչափում իրականացվելիք հետագա քայլերին, այդ թվում նաև՝ համանախագահների միջնորդությամբ առաջիկայում արտաքին գործերի նախարարների միջև կայանալիք հանդիպման հարցերին», - ասաց Նաղդալյանը։

Նախարարների առաջիկա հանդիպման առնչությամբ նա նշեց. - «Նման պարագայում, երբ որ արդեն համաձայնեցվում են բոլոր տեխնիկական մանրամասները, դրա մասին հայտարարվում է համաձայնեցված կարգով»։

Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպում նաև պաշտպանական գերատեսչությունում է եղել։ Նախարար Դավիթ Տոնոյանը զրուցակիցների ուշադրությունը սևեռել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, առանց միջազգային հանրությանը վաղօրոք տեղեկացման, այս ամսին անցկացված լայնածաված զորավարժությունների ու վերջին շրջանում հաճախակիացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վրա՝ դիպուկահարների ներգրավմամբ: Նշել է, որ չնայած այս բացասական միտումներին, Հայաստանը շարունակում է կողմնակից լինել շփման գծում զինադադարի անվերապահ պահպանմանը։

Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի հաջորդ հասցեն Ստեփանակերտն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG