Նախաքննական մարմինը թույլատրել է պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին որոշ ժամանակով դուրս գալ երկրից՝ բուժման նպատակով։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) խոսնակ Սամսոն Գալստյանը։
Գալստյանը, սակայն, չմանրամասնեց, թե Սարգսյանն ո՞ւր է գնացել և որքա՞ն ժամանակով։
Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է խարդախության մեջ, որն առնչվում է դեռ ամռանը Սարգսյանների տանը խուզարկությամբ հայտնաբերված Մարտիրոս Սարյանի գծանկարների գործին:
2018-ի հուլիսի 4-ին Ազգային անվտանգության ծառայությունը շուրջ 9 ժամ խուզարկել էր Երևանի Թումանյան 11 հասցեում գտնվող Սարգսյանների բնակարանը, ինչից հետո Ալեքսանդր Սարգսյանը բերման էր ենթարկվել ԱԱԾ, ապա ազատ արձակվել:
Դրանից հետո ԱԱԾ-ն տարածած հաղորդագրությունում նշեց, որ Ալեքսանդր Սարգսյանը հարցաքննվել է որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության մասին մեղադրանքների առնչությամբ:
Նշենք, որ 62-ամյա Ալեքսանդր Սարգսյանը, ով ավելի հայտնի է Սաշիկ անունով, 2003-2011 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, մամուլը նրա անունը կապում է բազմաթիվ բիզնեսների հետ: