Մատչելիության հղումներ

Քոչարյանի և մյուսների գործի նյութերը կարող են վերադարձվել՝ դատավոր Գրիգորյանի գրության դեպքում․ ՍԴ


Սահմանադրական դատարան, արխիվ
Սահմանադրական դատարան, արխիվ

Փաստաբան Սեդա Սաֆարյանը կարծում է՝ դատական համակարգում Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու ներքին պայմանավորվածություն կա:

Սահմանադրական դատարանը երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից գրություն ստանալու դեպքում քրեական գործի նյութերը կարող է վերադարձնել:

Այս մասին տեղեկանում ենք բարձր դատարանի պաշտոնական հաղորդագրությունից, որտեղ ասվում է նաև, որ անհրաժեշտության դեպքում իրենք կրկին պահանջել դրանք՝ քննության հետագա փուլերում:

Սահմանադրական դատարանի աշխատակազմը նաև շեշտել է, որ գործի նյութերի վերադարձնելը չի կարող ազդել բարձր դատարանում այդ գործի քննության հետագա ընթացքի վրա:

Մայիսի 18-ին Քոչարյանի խափանման միջոցը փոխած և նրան ազատ արձակած դատավորը մայիսի 20-ին որոշել էր կասեցնել քրեական գործի վարույթը և այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ սահմանադրական կարգի տապալման 300.1 հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար: Դատավոր Գրիգորյանը դիմումի հետ միասին ՍԴ էր ուղարկել նաև քրեական գործի 80 հատոր նյութերը:

Թե՛ դատախազությունը, թե՛ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների փաստաբանները Վերաքննիչում բողոքարկել են առաջին ատյանի դատարանի որոշումը: Բայց Վերաքննիչ դատարանից հայտարարեցին, որ առանց նյութերի չեն կարող վարույթ ընդունել բողոքները կալանքի և գործի կասեցման որոշումների հետ կապված:

Ըստ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների փաստաբան Վահե Գրիգորյանի, Սահմանադրական դատարանի աշխատակազմի հայտարարությամբ փաստացի հաստատվեց իր այն պնդումը, որ օրենքը չի պահանջել Քոչարյանի գործով դատավորից նյութերը ուղարկել ՍԴ, և դատավոր Դավիթ Գրիգորյանը այդ քայլին դիմել է չեզոքացնելու համար տուժողների և դատախազության բողոքարկման իրավունքը:

«Ազատության» հետ զրույցում փաստաբան Գրիգորյանը նաև նկատեց, որ Վերաքննիչ ուղարկված իրենց բողոքի օրինակը ուղարկել են նաև ՍԴ և առաջին ատյանի դատարան, և ոչինչ չէր խանգարում Սահմանադրական դատարանին գործի 80 հատորը ուղարկել Վերաքննիչ ու հնարավորություն տալ բողոքարկման դիմումը քննել․ - «Ես կարծում եմ, որ այս իրավիճակը ինքն իրեն չի ձևավորվել: Ես կարծում եմ, որ այս իրավիճակը որոշակի մի կենտրոնից կառավարվող իրավիճակ է: Սկզբից շատ ակտիվ կերպով փորձեցին նախանշվող որոշումը իրականություն դարձնել, հիմա ընթացքում մի տեսակ սաբոտաժի վերածվող անհասկանալի պինգ-պոնգի են փորձում վերածել այս իրավիճակը»:

Վերաքննիչ քրեական դատարանից «Ազատությանը» տեղեկացրին, որ շարունակում են սպասել առաջին ատյանի դատարանի պատասխանին: Վերաքննիչին դեռ չպատասխանած դատավոր Դավիթ Գրիգորյանի գրասենյակից դեռևս չեն հստակեցնում՝ կդիմե՞ն ՍԴ քրեական գործի հատորները հետ ստանալու և դրանք Վերաքննիչ ուղարկելու համար, թե՞ ոչ:

Դատավորների ընդհանուր ժողովի արտահերթ նիստին մասնակցող Գրիգորյանը այսօր հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:

«Ազատության» հետ զրույցում Գլխավոր դատախազի խորհրդական Արմեն Հարությունյանը տեսականորեն հնարավոր է համարել նաև տարբերակը, որ Վերաքննիչը դիմի ու պահանջի նյութերը, որպեսզի կարողանա քննել իրենց ու տուժողների իրավահաջորդների բողոքը:

Ավելի վաղ Սահմանադրական դատարանից հայտնել էին, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին ատյանի դատարանի դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին և այն գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում, որոշումը կկայացվի 20-օրյա ժամկետում:

Այսօրվա հայտարարությամբ ՍԴ-ն չի հստակեցնում՝ գործի քննություն նշանակելո՞ւ է, թե՞ սպասելու է բողոքարկման արդյունքում կայացվելիք վերջնական որոշումը։

Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը ստեղծված իրավիճակը ևս մեկ պատճառ է համարում դատական դատական համակարգին չվստահելու համար և կարծիք է հայտնում, որ կա ներքին պայմանավորվածություն՝ Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու:

«Ինչպես մարտի 1-ին, հիմա էլ բոլորով իրար հետ խորհրդակցում են, թե ոնց անեն, որ Մարտի 1-ի գործը ծախողեն՝ դա կլինի խափանման միջոցի հետ կապված, դա կլինի գործը լսելու հետ կապված: Ինձ թվում է, որ նախկին խումբը աշխատում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաֆարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG