Մատչելիության հղումներ

Հայաստանի տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա․ վարչապետ


Նոր ձեռնարկների իրագործման ճանապարհին խոչընդոտներ չեն լինելու, այս մասին այսօր «Տաթևեր» ճոպանուղու տարածքում կազմակերպված «Իմ քայլը հանուն Սյունիքի» մարզի ներդրումային գործարար համաժողովի ընթացքում հայտարարեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

Պողոսյանը ներդրողներին կոչ արեց գալ մարզ ու միասին զարգացնել այն:

«Մարզային իշխանությունները կարող են և պետք է կապող օղակ դառնան գործարարների, պետական կառույցների, բիզնես գաղափարներ ունեցողների միջև՝ երաշխավորելով, որ նոր ձեռնարկների իրագործման ճանապարհին չենք հանդիպելու ավելորդ վարչարարության, բյուրոկրատական քաշքշուկների, որևէ բացասական իրողության, որը կխանգարի ձեր ներդրումների համար ամուր հող ստեղծելուն՝ երաշխավորելով, որ տեսնելու եք միայն բարի կամեցողություն և օժանդակություն», - ասաց մարզպետը՝ շարունակելով. - «Մեզ համար մարզի տնտեսական զարգացման գերակա ուղղություններ են զբոսաշրջությունը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Ես կոչ եմ անում բոլորիս լինել հնարավորինս ակտիվ, հանդես բերել նախաձեռնողականություն, օգտվել այս հարթակից և ձեր քայլն անել հանուն Սյունիքի մարզի՝ եկե՛ք Սյունիք, ներդրո՛ւմ արեք Սյունիքում, միասի՛ն զարգացնենք Սյունիքը»։

Մեր քաղաքական խնդիրն է Հայաստանը դարձնել այնպիսի մարդկանց երկիր, ովքեր հավատում են իրենց ուժերին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ հայաստանյան իշխանությունների քաղաքական խնդիրն է Հայաստանը դարձնել այնպիսի երկիր, որի բնակիչները հավատում են իրենց ուժերին և գիտեն, որ այդ գաղափարները կարելի է իրագործել Հայաստանում։

«Մեր քաղաքական խնդիրն է Հայաստանը դարձնել մի այնպիսի երկիր, այնպիսի մարդկանց երկիր, ովքեր հավատում են իրենց ուժերին և գիտեն, որ այդ գաղափարները կարելի է իրագործել Հայաստանի Հանրապետությունում», - իր ելույթում ասաց Փաշինյանը։

Վարչապետը հատկապես շեշտեց` Հայաստանի տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա։

«Մեր մեծագույն խնդիրն է, որպեսզի մենք Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս շատ մարդու ստեղծագործելու, մտածելու, երազելու և այդ երազանքը իրագործելու համարձակությամբ օժտենք։ Տնտեսական զարգացումն առաջին հերթին հենվում է հենց անհատների վրա, իհարկե շատ կարևոր են խոշոր ներդրողները, խոշոր կորպորացիաների մուտքը Հայաստան, բայց իմ խորին համոզմամբ՝ այդ խոշոր ներդրողներն առաջին հերթին գնում են տաղանդավոր մարդկանց հետևից, և մեր խնդիրն է ցույց տալ, որ Հայաստանում ապրում են տաղանդավոր մարդիկ, որոնք կարող են ոչ միայն իրենց երազանքներն իրականացնել, այլև միջավայր ստեղծել ուրիշների երազանքների համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Համաժողովին մի քանի տասնյակ գործարարներ են մասնակցում, անգամ հարևան Իրանից: Կապանում նախատեսվում է հեռուստացույցների հայ-իրանական արտադրության հիմնել. հայ և իրանցի գործընկերները համապատասխան հուշագիրը հենց համաժողովին կնքեցին:

Ավելի վաղ ներդրումային գործարար համաժողովներ էին անցկացվել 4 մարզում` Լոռի, Տավուշ, Արարատ ու Գեղարքունիք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG