Մատչելիության հղումներ

Չինաստանի ԱԳ նախարարը հանդիպում է Հայաստանի ղեկավարության հետ


Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Վերջին շրջանում Հայաստանի և Չինաստանի միջև հաճախակի դարձած բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը, հանդիպումները վկայում են երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի մասին, ինչին հայ հասարակությունը շատ լավ է վերաբերվում: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ երեկ ընդունելով Չինաստանի Պետական խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Իին:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Փաշինյանը նշել է, որ վերջերս Չինաստան կատարած այցի շրջանակում շատ արդյունավետ հանդիպումներ է ունեցել երկրի նախագահի, վարչապետի, գործարարների հետ և ուրախ է, որ քննարկումների արդյունքներով ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ՝ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Կառավարության ղեկավարը կարևորել է Երևանում Հայաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարների կողմից «ՀՀ Կառավարության և ՉԺՀ Կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրումը, որը կնպաստի ոչ միայն հումանիտար, այլև գործարար կապերի զարգացմանը և ներդրումների ներգրավմանը: Այս համատեքստում վարչապետն առաջարկել է համատեղ քննարկել նաև օդային ուղիղ հաղորդակցության հաստատման հեռանկարները:

Չինաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ իր երկիրը կարևորում է երկխոսության ամրապնդումը, փոխշահավետ գործակցության զարգացումը, և Պեկինում Հայաստանի վարչապետի հանդիպումները, ձեռք բերված պայմանավորվածությունները ևս մեկ անգամ ընդգծեցին հայ-չինական հարաբերություններին, դրանց շարունակական ընդլայնմանն ու սերտացմանը երկուստեք տրվող կարևորությունը: Վան Ին նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի ու Չինաստանի միջև համագործակցությունն արդյունավետ զարգանում է՝ հիմնված երկու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա: «Պատրաստ ենք և տրամադրված ենք խորացնել փոխշահավետ գործակցությունը Հայաստանի հետ՝ Ձեր ղեկավարությամբ», - ասել է նախարարը:

Զրուցակիցները քննարկել են ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունների շրջանակում մի շարք բնագավառներում կապերի խորացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել ճանապարհաշինության, ենթակառուցվածքների, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, մեքենաշինության ոլորտներում, գործարար շրջանակների համար արտահանման շուկաների ընդլայնման և ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ համագործակցության զարգացման հնարավորություններին:

Երկուստեք կարևորվել է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման գործում համագործակցությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունն այն դիտարկում է ոչ միայն որպես ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման ծրագիր, այլև հաղորդակցության միջանցքի ձևավորման հնարավորություն, որը կարող է կարևոր օղակ հանդիսանալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեքստում: Վան Ին իր հերթին նշել է, որ Չինաստանը հետաքրքրված է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման գործում մասնակցությամբ՝ հաշվի առնելով ծրագրի կարևորությունը ինչպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում, այնպես էլ տարածաշրջանային զարգացման և կայունության ապահովման հարցում:

Վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը քայլեր է իրականացնում տեխնոլոգիական արտադրությունը խթանելու ուղղությամբ և այս առումով հետաքրքրված է նաև ՏՏ ոլորտում համագործակցության խորացմամբ: Փաշինյանը հրավիրել է չինաստանյան ընկերություններին՝ մասնակցելու այս տարվա հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք ՏՏ Համաշխարհային համաժողովին: Վան Ին նշել է, որ ծանոթ լինելով տվյալ բնագավառում Հայաստանի ունեցած ներուժին, պատրաստ են քննարկել փորձի փոխանակման, գործակցության զարգացման հեռանկարները:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաև համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերների շուրջ, կարևորել գլոբալ և ռեգիոնալ կայունության ամրապնդման ուղղությամբ համագործակցությունը:

Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Չինաստանի հավասարակշռված դիրքորոշման համար:

Չինաստանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությանը նույն օրը ընդունել է նախագահ Արմեն Սարգսյանը:

«Մեր ժողովուրդների միջև բարեկամությունը չի սկսվել 1992 թվականին երկու երկրների միջև դիվանագիտական և միջպետական հարաբերությունների հաստատման փաստաթղթով, մեր ժողովուրդները դարերի ու հազարամյակների բարեկամական համագործակցության պատմություն ունեն», - նշել է Սարգսյանը՝ ավելացնելով, որ երկու ժողովուրդները հաջողությամբ համագործակցել են դեռ Մետաքսի ճանապարհի ժամանակաշրջանում:

Վան Ին ընդգծել է, որ մեծ է հայ ժողովրդի ներդրումը մարդկային քաղաքակրթության պատմության մեջ: «Մետաքսի մեծ ճանապարհը դեռևս դարեր առաջ միավորել է մեր երկու ժողովուրդներին: Հայ և չինացի ժողովուրդները միմյանց վերաբերվում են փոխադարձ հարգանքով ու համակրանքով, և մեր երկկողմ հարաբերությունները հաստատուն կերպով զարգանում են»,- նշել է Չինաստանի արտգործնախարարը: Նա նաև Արմեն Սարգսյանին է փոխանցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի բարեմաղթանքները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու բարեկամ երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում փոխգործակցության զարգացմանը: Երկուստեք համաձայնել են, որ հայ-չինական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են և ունեն ընդլայնման լավ հեռանկար, հաղորդում է Հայաստանի նախագահի գրասենյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG