«Տրամաբանական ավարտ», - Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը այսպես է գնահատում Գագիկ Հարությունյանի հրաժարականը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պաշտոնից։
«Դա պայմանավորված էր նաև ԲԴԽ նախագահի նկատմամբ հանրային վստահության բացակայությամբ, ըստ իս», - նշեց Կարինե Պետրոսյանը։
Դատավոր Պետրոսյանը մի քանի հայց էր ներկայացրել ընդդեմ Գագիկ Հարությունյանի. նա վիճարկում էր սնանկության դատարանի դատավորների թեկնածության վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը։ Պետրոսյանը մերժվել էր և վստահ է՝ առանց հիմնավոր պատճառաբանության։
«Որպես պատճառաբանություն միայն վկայակոչվում էր ներքին համոզմունքը, որը, ըստ մեզ, չի կարող ուղղակի հայտարարության տեսքով հանդես գալ», - ասաց Կարինե Պետրոսյանը։
Մեկ այլ հայցով էլ դատավորը կասկածի տակ է առնում Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարի լեգիտիմությունն ընդհանրապես։ - «Եթե դատավորի 65 տարին լրանալուն պես նրա լիազորությունները դադարում է, բնականաբար, 66 տարեկան անձը չի կարող դատավոր լինելու հայտ ներկայացնի», - նշեց նա։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորն ընդգծում է՝ Խորհրդի ձևավորումից ի վեր պայքարի մեջ են, այդտեղ դատավորների առաջխաղացման ու ընտրության ոչ թափանցիկ, կամայական մեթոդներ են կիրառվում։ Կարինե Պետրոսյանի հայցերը վարչական դատարանում դատաքննության փուլում են, այսօր դատավորը հայտարարեց՝ արդարությունը վերականգնվում է, հայցերից հրաժարվելու դիմում կգրի։
«Մենք համարում ենք, որ, ըստ էության, արդարությունը վերականգնված է», - ասաց Պետրոսյանը։
Հիմա էլ առաջ է քաշում Խորհրդի ողջ կազմի հեռացման հարցը՝ ասում է՝ նրանք էլ հանրության վստահությունը չեն վայելում։ - «Վեթինգը պետք է սկսվի ԲԴԽ-ից», - ընդգծեց դատավորը։
«Ազատության» հարցին՝ կարծում է, որ Խորհուրդը պետք է հեռանա ողջ կազմո՞վ, պատասխանեց. «Ըստ իս, այո, պետք է ձևավորվի նոր ԲԴԽ՝ թե՛ դատավորների մասով, թե՛ Ազգային ժողովից ընտրված ներկայացուցիչների մասով»։
Բարձրագույն դատական խորհրդի ձևավորումը 2015-ի Սահմանադրության փոփոխություններով նախանշվեց, Խորհուրդն սկսեց գործել նախորդ տարվա ապրիլից, գլխավոր գործառույթը դատարանների ու դատավորների անկախությունը երաշխավորելն է։ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կարծիքով՝ խնդիր կա, բայց այն անձանց հետ կապ չունի։
«Բարձրագույն դատական խորհրդի անդամները, ըստ էության, պրոֆեսիոնալ անձինք են, մեծամասնությանը ճանաչում եմ, բոլորն էլ լավ մասնագետներ են։ Թե ինչո՞ւ Բարձրագույն դատական խորհուրդը չի կարողանալու ապահովել դատարանների և դատավորների անկախությունը, ես կարծում եմ՝ իրենց կառուցվածքի մեջ է խնդիրը», - ասաց Փաստաբանների պալատի նախագահը։
Արա Զոհրաբյանի կարծիքով՝ խորհրդի կազմը՝ 5 դատավոր ու խորհրդարանի կողմից ընտրված 5 իրավաբան գիտնական, անկախության հնարավորություն չի ստեղծում։ Պնդում է՝ 10-հոգանոց կազմում դատավորների թիվը կեսից ավելին պիտի լինի:
«Պատկերացրեք, եթե Ազգային ժողովը, այսինքն՝ քաղաքական իշխանությունը, փորձի իր կամքը թելադրել, տվյալ դեպքում այս հինգ-հինգ հավասար պայմաններում, բնականաբար, դատական իշխանությունը իր խոսքը չի կարողանա ասել», - նշեց Զոհրաբյանը։
Սա, ըստ Փաստաբանների պալատի ղեկավարի, նշանակում է՝ դատական համակարգը ամեն իշխանության փոփոխությունից ցնցումների է ենթարկվելու։ Արա Զոհրաբյանն անակնկալի է եկել Գագիկ Հարությունյանի հրաժարականից, ասաց՝ գիտակ, պրոֆեսիոնալ մասնագետ է։
«Այդ պաշտոնին նշանակված անձը երաշխավորված էր որոշակի ժամկետով աշխատելու, ինչն էլ, բնականաբար, նաև կայունությունն էր ապահովում այդ համակարգի», - ընդգծեց Փաստաբանների պալատի ղեկավարը։
Ինչ վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդի ողջ կազմի հրաժարականի հավանականությանը, մամուլում կան հրապարակումներ, թե դատավորների ընդհանուր ժողովը նման հարց է առաջ քաշելու։ Զոհրաբյանը կարծում է՝ հանրային ճնշումները այս փուլում տրամաբանական են, բայց մասնագետները չպիտի ճնշվեն։
«Իշխանափոխությունից հետո էս զարգացումների մեջ տրամաբանական եմ համարում, բայց ես կարծում եմ, որ այդ ճնշմանը պետք է նաև դիմանալ։ Պատկերացրեք՝ եթե անձը ճնշմանը չդիմադրի, նշանակում է՝ ինքը ցանկացած ժամանակում նաև արդարադատություն իրականացնելիս կամ իր պաշտոնեական գործառույթներն իրականացնելիս միշտ էլ կարող է որևէ ճնշման ենթարկվել։ Այդ իմունիտետը պետք է ունենա նման պաշտոնյան», - ասաց Զոհրաբյանը։
«ԲԴԽ-ի բոլոր անդամները պետք է իրենց մեջ ուժ գտնեն հրաժարական տալու», - ընդգծեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
Կարապետյանցը վստահ է՝ եթե Բարձրագույն դատական խորհրդի կազմում կան չվարկաբեկված դեմքեր, կարող են հեռանալ, վեթինգի ենթարկվել ու վերադառնալ. «Պետք է նշանակվեն մարդիկ, ովքեր վարկաբեկված չեն եղել»։
Իրավապաշտպանն ասաց՝ վերջին տարում բազմաթիվ նամակներ են ուղարկել Խորհրդին այս կամ այն դատավորի կատարած խախտումների վերաբերյալ, արձագանքը՝ զրո։ Նինա Կարապետյանցն ասում է, որ Խորհուրդը պարզապես մահակ է անհնազանդ դատավորների գլխին, եթե այն իր իրական նպատակին՝ դատարանների անկախությանը ծառայեր, Հայաստանում բազմաթիվ խնդիրներ կպակասեին։
«Բայց էն, որ նշանակվել էին ի սկզբանե մարդիկ, ովքեր որ ծառայել են տարբեր ժամանակներում տարբեր ռեժիմների, դա ակնհայտ էր։ Գագիկ Հարությունյանի կերպարը որևէ կերպ չէր կապվում արդարադատության հետ ոչ միայն ինձ մոտ, որևէ ակտիվ քաղաքացու, քաղաքական գործչի, ոչ մեկի մոտ՝ բացի պատվիրատուներից, էսպես ասած, ում ծառայում էր Գագիկ Հարությունյանը», - ասաց Կարապետյանցը։
Կա վստահություն, որ եթե նոր Խորհուրդ ձևավորվի, դա էլ նոր իշխանությանը չի ծառայի։ Նինա Կարապետյանցն ասաց, որ իր հույսը պահանջատեր ու հետևողական քաղաքացիներն են. «Բոլոր ժամանակներում իմ հույսը իշխանությունը երբեք չի եղել, որովհետև իշխանությունը հատկություն ունի փչանալու։ Ժողովուրդը պետք է ստիպի ընդունել օրենքներ, ժողովուրդը պետք է ստիպի, որպեսզի կատարվեն փոփոխություններ, ժողովուրդը պետք է պահանջի, որպեսզի էդ փոփոխությունները և փոփոխված օրենքները, իրավիճակը, անձինք, փոփոխված էդ ամեն ինչը սկսի աշխատել ու աշխատի նորմալ»։
Իրավապաշտպանը կարծում է՝ հեռացողների շրջանակը պետք է ընդլայնվի, Գագիկ Հարությունյանին պետք է հետևեն ոչ միայն նրա ղեկավարած Խորհրդի անդամները, այլև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասանը։
«Մինիմում պիտի հեռանա», - ընդգծեց Կարապետյանցը։