Վանաձորում ավտոգազի թանկացման մասին պնդումներն անհիմն են, անգամ գազալցակայանների սեփականատերերը խոստացել են մոտ ապագայում գազի գինը իջեցնել 10 դրամով, երեկ ողջ օրը Վանաձորի գազալցակայաններում ուսումնասիրություն կատարելուց հետո «Ազատությանն» ասաց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի պետի տեղակալ Արթուր Մկրտչյանը։
Ստուգիչ կշեռքներով համեմատելուց հետո վերահսկողության պատասխանատուն հերքում է նաև գազալցակայաններում թերակշռումների մասին մեղադրանքները։ Արթուր Մկրտչյանը պնդում է՝ ավտոգազը ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով հաշվարկելը ձեռնտու է սպառողին։ Այս փոփոխությունը տեղի է ունեցել մայիսի 1-ից։
«Երբ որ առաջ հնարավորություն կար՝ տնտեսվարող սուբյեկտը, որոշակի գործակից ներմուծելով վառելիքաբաշխիչ աշտարակների մեջ, կարողանար խաբել մարդկանց, հիմա էդ խնդիրը բացարձակապես չկա։ Հիմա իրանց մոտ ազատ մրցակցություն է, ոչ թե առաջ 160 դրամից մինչև 220 դրամ գազ էին վաճառում խորանարդի դիմաց։ 160-ը այսինքն պարզ է, որ խաբում էր ժողովրդին։ Հիմա էդ խնդիրը բացարձակ չկա, գնի հետ կապված բարձրացում չկա, թերաչափման հետ բացարձակ թերակշռում չկա», - նշեց Մկրտչյանը։
Երկու օր առաջ Վանաձորի ներքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնող մոտ 100 երթուղային տաքսիներ դուրս չեկան աշխատանքի։ Վարորդները դժգոհում էին, թե լիցքավորած նույն ծավալի գազի դիմաց ավելի շատ են վճարում։ Երեկ երեկոյան Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդիպեց երթուղային գծերն սպասարկող ընկերությունների ներկայացուցիչներին և հայտարարեց՝ Վանաձորում անցկացված բողոքի ակցիան «ուղղորդված էր բակային և փողոցային մակարդակի քաղաքական ուժերի կողմից»։
«Ես վստահ եմ և ինֆորմացիայի եմ տիրապետում, որ դա նաև կազմակերպված էր այլ մարդկանց և ուժերի կողմից և ուղղված էր իմ դեմ։ Երբ որ խոսքը գնում էր, այսպես ասած, գծատերի մասին, իրենք գծատերերի հետ որևէ պրոբլեմ չունեն, չգիտես ինչի քաղաքային տրանսպորտի հարցերի հետ կապված իրենք ունեն պրոբլեմ միայն մարզպետի հետ, որը որ ընդհանրապես դրա հետ որևէ առնչություն չունի, դա ինչպե՞ս եք բացատրում», - ընդգծեց Լոռու մարզպետը։
Անդրեյ Ղուկասյանը դիմեց գծատերերին, մասնավորապես՝ Վանաձորի ամենաշատ թվով երթուղի ունեցող «Ռ. և Հ. Տրանս» ընկերության ներկայացուցիչ Անդրանիկ Ղումաշյանին։
«Ինֆորմացիա կա, որ առաջին հերթին Ձեր կողմից է կազմակերպվել», - ասաց մարզպետը։
Մինչդեռ ընկերության ներկայացուցիչը հերքեց՝ «Ձեզ սխալ ինֆորմացիա է հասել։ Ես դա լրիվ վերցնում եմ իմ վրա էդ պատասխանատվությունը»։
Ընկերության ներկայացուցիչը վստահաբար հայտարարեց, թե անհայտ անձինք սպառնացել և ստիպել են երթուղային տաքսիների վարորդներին՝ թողնել աշխատանքն ու գազելներով գալ Հայքի հրապարակ՝ մասնակցելու կազմակերպված գործադուլին։
«Ստիպել են մարդկանց, որ դուրս եկեք։ Նույնիսկ քաշել են վարորդին, սպառնացել են, մենք չենք կարա ասենք՝ ով։ Մարդուն սպառնացել են Տարոն-2-ում, ես կարամ անունով ասեմ՝ Զաքարյան Նորիկ։ Կարաք համապատասխան մարմիններին ասեք, թող զբաղվեն։ Ես ստույգ ասում եմ՝ մեր վարորդները քշել են, վարորդներին՝ սպառնացել են։ Ասենք՝ էդ մարդը տարիքով մարդ ա, նա չէր կարա նրանց դիմակայեր, ասեր՝ չէ, ես պետք ա քշեմ», - ասաց Ղումաշյանը։
Հարցին՝ թե ով է այդ մարդը, պատասխանեց. «Այ դա արդեն ես չգիտեմ ում խնդիրն է, որ կարա նայի զբաղվի»։
Մայիսի 23-ին կազմակերպված գազելների գործադուլին մասնակցում էին նաև որոշ գծատերեր, այդ թվում «Յաղշ» ընկերության սեփականատեր Վաղինակ Քեշիշյանը, ով անցած տարի տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից Լոռու մարզում առաջադրվել էր պատգամավորի թեկնածու։ Վաղինակ Քեշիշյանն աջակցում էր գործադուլավորներին, հայտարարում, որ շարունակելու են բողոքի ակցիան։
«Ազատությանն» ասաց՝ վնասով է աշխատում։ Արդեն մեկ տարի որևէ հարկային վճարում չի արել՝ պետության նկատմամբ կուտակելով մոտ 1,5 միլիոն դրամի պարտք։
«Ես էս մի տարվա մեջ, հենց հիմա հարկային ոչ մի վճար չեմ արել, ի վիճակի չեմ եղել», - ասաց Քեշիշյանը։
Հարցին՝ վերջին մրցույթը ե՞րբ է եղել, պատասխանեց. «Եղել է 3,5 տարի առաջ։ Մեկ էլ լինելու է էս տարվա վերջին»։
Հարցին էլ, թե էլի կմասնակցի՞, արձագանքեց. «Բա ո՞նց կարամ չմասնակցեմ, եթե դա ես արել, դրել եմ։ Դա իմ արած, դրածն է, դա իմ տունն է շինած»։
Վանաձորի փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանը հերքեց տեղեկությունները, թե ինքն էլ Վանաձորի գծատերերից մեկն է։ - «Դուք չգիտե՞ք, որ ես չունեմ տենց բաներ։ Նախկինում շատ բան եմ ունեցել, հիմա չունեմ։ 2007 թվին գիծ ունեցել եմ, հա», - նշեց նա։
Երեկ Լոռու մարզպետի հետ հանդիպմանը Վանաձորի քաղաքապետարանի տրանսպորտի և առևտրի սպասարկման բաժնի պետի պաշտոնակատար Արման Մովսիսյանն ասաց՝ զգուշացրել են գծատերերին, որ ժամանակից շուտ կարող են լուծարել պայմանագրերն ու նոր մրցույթներ հայտարարել՝ քաղաքի տրանսպորտի աշխատանքը կաթվածահար անելու համար։