Մատչելիության հղումներ

«ՀՅԴ-ն ընդդիմադիր բևեռի լիդեր տեսնում է Ռոբերտ Քոչարյանին»․ Անդրանիկ Քոչարյան


Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան, արխիվ
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան, արխիվ

Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) հանրահավաքը Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության նպատակով էր հրավիրվել․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի արձագանքն է Դաշնակցության երեկվա հանրահավաքին:

«Եթե ոչ բացահայտ, ապա անկասկած Քոչարյանի պաշտպանությանը նվիրված հանրահավաք էր նաև։ Ներկա էին դաշնակցականները և ներկա էին նաև էն ուժերը, որոնք այս կամ այն կերպ սատարում են Ռոբերտ Քոչարյանին», - նշեց Աղազարյանը։

ՀՅԴ-ի երեկվա հանրահավաքում դաշնակցականները կոշտ քննադատեցին Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, լրջանալու կոչ արեցին: Ղեկավար մարմնի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե պետությունը հասել է անշրջելիության կետին, որից հետո կորուստներն անդառնալի են, իշխանությունների վարած քաղաքականությունը համահունչ չէ ժողովրդի սպասումներին, նոր վտանգներ է ստեղծում: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Դաշնակցության այս քննադատություններին հակադարձեց նույն կոչով:

«Իրենք միշտ համագործակցել են Քոչարյան Ռոբերտի հետ, և իրենք չեն էլ թաքցրել իրենց համակրանքը Քոչարյան Ռոբերտի նկատմամբ, նրա կառավարման տարիների նկատմամբ, որովհետև այդ կառավարման տարիներին իրենք բազմիցս եղել են այդ կառավարման մաս, ստացել են այդ կառավարման մաս լինելու բոլոր դրական պտուղները, Մարտի 1-ից հետո նրանք նույնպես եղել են կառավարման մաս։ Դաշնակցությունը սթափության կոչ ինքը գուցե իրեն անի, որովհետև իրենք պետք է լրջանան և հասկանան, որ Հայաստանում տեղի են ունեցել փոփոխություններ և այդ փոփոխությունների ընկալման իրենք խնդիր ունեն», - ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը։

Դանակցության հանրահավաք հրավիրելու հայտարարությանը նախորդել էր Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու դատարանի որոշումը, որից հետո Փաշինյանի կոչով քաղաքացիներն արգելափակեցին դատարանների մուտքերը: Երեկ Արմեն Ռուստամյանը իր ելույթում իշխանությանը մեղադրեց ժողովրդի անունից սահմանադրական կարգը տապալելու, օրենքները շրջանցելու համար, որն, ըստ Դաշնակցության ներկայացուցչի, գուժում է սահմանադրական պետության վերջի մասին։

«Դաշնակցությունը լրջանալու կարիք ուներ բավականին երկար, տևական ժամանակ, երբ որ Ռոբերտ Քոչարյանի կողքին էր, Սերժ Սարգսյանի կողքին էր մի որոշ հատված, մի որոշ հատված դուրս եկավ։ Էն ժամանակ, երբ որ մասսայաբար տեղի էին ունենում ընտրությունները, որոնք կեղծվում էին, ժողովրդի ձայնը գնվում էր, բառիս բուն իմաստով», - ասաց Աղազարյանը։

Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով քաղաքական բևեռ ստեղծելուն, ասել էր՝ հանդիպելու են բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք համաձայն են իրենց գնահատականների հետ և փորձելու են ելքեր փնտրել: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Քոչարյանի կարծիքով՝ ընդդիմադիր բևեռ մի նպատակով է ձևավորվելու:

«Ընդդիմադիր բևեռ, ես կարծում եմ, երբ որ հնչեցնում են, իրենք տեսնում են առաջին հերթին իրենց լիդեր երևի Քոչարյան Ռոբերտին, որովհետև էս դատավարության ամբողջ պրոցեսը խոսում էր, որ իրենք մասնակից են էդ ամենի համար կամ գուցե չեն ուզում պատասխանատվություն կրեն Քոչարյան Ռոբերտից դիստանցիա պահելով, բայց մեկ է ընդդիմության ամբողջականացման մասին խոսում է Ռոբերտ Քոչարյանը, էդ բևեռի անհրաժեշտության մասին և այդ բևեռի մեջ ով ոնց է իրեն պատկերացնում, որ լիդերի հնարավոր համագործակցության շրջանակում, դա արդեն իրենց խնդիրն է», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Քաղաքական ուժերի հետ Դաշնակցության հանդիպումների ծրագրերը Հովիկ Աղազարյանին էլ չեն մտահոգում:

«Էդ բևեռի կենտրոնում կլինի Դաշնակցությունը, թե կլինի Ռոբերտ Քոչարյանը դժվար է ասել այս պահին, բայց որ ընդհանուր միտումներ նկատվում են այդ երկու ուժերի մերձեցման, ապա դա ակնհայտ է։ Ճանաչում ենք էլի բոլորս բոլորիս», - ընդգծեց Աղազարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG