Մատչելիության հղումներ

Լոռու մարզպետը պնդում է, որ գազելների գործադուլը ուղղված էր անձամբ իր դեմ


Երեկ անհայտ անձինք սպառնացել և ստիպել են երթուղային տաքսիների վարորդներին՝ թողնել աշխատանքն ու գազելներով գալ Հայքի հրապարակ՝ մասնակցելու կազմակերպված գործադուլին, այսօր երեկոյան Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ հանդիպմանը պնդեց Վանաձորի ներքաղաքային երթուղիներից մի քանիսը սպասարկող «Ռ և Հ տրանս» ընկերության փոխտնօրեն Անդրանիկ Ղումաշյանը։

«Ստիպել են մարդկանց, որ դուրս եկեք։ Նույնիսկ քաշել են վարորդին, սպառնացել են, մենք չենք կարա ասենք՝ ով։ Մարդուն սպառնացել են Տարոն-2-ում, ես կարամ անունով ասեմ՝ Զաքարյան Նորիկ։ Կարաք համապատասխան մարմիններին ասեք, թող զբաղվեն։ Ես ստույգ ասում եմ՝ մեր վարորդներին քշել են, վարորդներին՝ սպառնացել են։ Ասենք՝ էդ մարդը տարիքով մարդ ա, նա չէր կարա նրանց դիմակայեր, ասեր՝ չէ, ես պետք ա քշեմ։ Անհնար էր էդ մի մարդը, մի քանի մարդու դիմակայեր», - պատմեց Ղումաշյանը:

Մարզպետի հարցին, թե ո՞վ էր այդ մարդը, որ կարողանում է ստիպել վարորդներին՝ ինչ-որ բան անել, գծատիրոջ ներկայացուցիչը պատասխան չուներ։

Երեկ ողջ օրը Վանաձորի ներքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնող մոտ 100 երթուղային տաքսիներ դուրս չեկան աշխատանքի։ Վարորդները դժգոհում էին, թե վերջին օրերին լիցքավորած նույն ծավալի գազի դիմաց ավելի շատ են վճարում, չնայած լցակայաններում ավտոգազի գինը մայիսի 1-ից հետո չի փոխվել՝ 290 դրամ է։ Լոռու մարզպետը երթուղային գծերն սպասարկող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն իր հերթին հայտարարեց, թե երեկվա բողոքի ակցիան «ուղղորդված էր բակային և փողոցային մակարդակի քաղաքական ուժերի կողմից»։ Մարզպետը համոզմունք հայտնեց, որ այդ ակցիան արված էր անձամբ իր դեմ, այն դեպքում, երբ գազի գնի կամ լցակայանների գործունեության նկատմամբ, մարզպետարանն ըստ էության, որևէ գործառույթ չունի։ Մարզպետը շեշտեց, որ երեկ վարորդները իր հետ հանդիպմանը իրավիճակի համար մեղադրել են ոչ թե իրական պատասխանատուներին՝ գծատերերին կամ գազալցակայաններին, այլ մարզային իշխանությանը։

«Ես վստահ եմ և ինֆորմացիայի եմ տիրապետում, որ դա կազմակերպված էր այլ մարդկանց և ուժերի կողմից և ուղղված էր իմ դեմ», - ասաց Անդրեյ Ղուկասյանն ու դիմեց Վանաձորի երթուղիներից հինգը սպասարկող գծատերերից մեկի՝ «Ռ և Հ տրանս» ընկերության ներկայացուցիչ Անդրանիկ Ղումաշյանին․ - «Ինֆորմացիա կա, որ առաջին հերթին ձեր կողմից ա կազմակերպվել։ Դա անընդունելի է»:

Մինչդեռ ընկերության ներկայացուցիչը հերքեց․ - «Ձեզ սխալ ինֆորմացիա է հասել։ Ես դա լրիվ վերցնում եմ իմ վրա էդ պատասխանատվությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG