Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) նախագահ Գագիկ Հարությունյանից հետո նրա պարտականություններն իրականացնում է տարիքով ավագ անդամը:
ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավոր իրականացնող Գևորգ Դանիելյանն այսօր «Ազատության» հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել` արդյո՞ք խորհրդի կազմում նոր հրաժարականներ ևս կլինեն:
«Դա խորհրդի նիստում չի քննարկվում և ձեզ չէ, որ պետք է այդ հարցով որևէ մեկը հաղորդում ներկայացնի, դուք մտածում եք, որ տրամադրությունները ձեր հետ պետք է կիսվե՞ն», - ասաց ԲԴԽ նախագահի պարտականություններն իրականացնող Գևորգ Դանիելյանը։
Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը նիստ էր հրավիրել, ի թիվս այլ հարցերի քննարկվել է Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը, սակայն Հարությունյանը ներկա չէր նիստին:
«Ազատության» հարցին՝ պարոն Հարությունյանն այսօր ինչո՞ւ չի ներկայացել, Դանիելյանը պատասխանեց. «Իր իրավունքն է, ինքը կարող է և չներկայանալ։ Նիստում ուղղակի փաստ արձանագրեցինք, որ ներկայացվել է դիմում, և քանի որ նաև կար ցանկություն դիմումը քննարկելու առանց պարոն Հարությունյանի ներկայության, մենք ընդամենը փաստն արձանագրեցինք, և այս պահից իր լիազորությունները իրավունքի ուժով համարվում են դադարեցված։ Միաժամանակ 86-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով, որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ինչը օրենքի ուժով է, ոչ թե ընտրության կամ քվեարկության արդյունքներով, որպես տարիքով ավագ անդամ Բարձրագույն դատական խորհրդի, ես պետք է տեղյակ պահեմ Ազգային ժողովի նախագահին Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամ ընտրելու համար։ Առայժմ ես ժամանակավոր կլինեմ պաշտոնակատար, երբ կընտրվի, կներկայանա, դրանից հետո արդեն Բարձրագույն դատական խորհրդում կկազմակերպվեն ընտրություններ»։
Հատկանշական է` Գագիկ Հարությունյանի հրաժարականին նախորդել էր վարչապետ Փաշինյանի հայտարարությունը դատական համակարգում վիրահատական միջամտության անհրաժեշտության վերաբերյալ: Վարչապետը հայտարարել էր՝ սպառվել է դատական համակարգի՝ ժողովրդական վստահության արժանանալու ընթացիկ հնարավորությունը։
Կառավարության հրավիրած խորհրդաժողովին Փաշինյանը դատաիրավական համակարգում բարեփոխումներ անելու մի քանի քայլեր էր ներկայացրել: Իսկ այդ խորհրդաժողովից առաջ էլ վարչապետը ժողովրդին կոչ էր արել արգելափակել դատարանների դռները:
Այդ կոչից մեկ օր առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը փոխել էր Քոչարյանի խափանման միջոցը` ազատ արձակելով նրան Արցախի գործող և նախկին նախագահների երաշխավորությամբ: