Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Հայաստանը հետամուտ է կրոնի, համոզմունքի, հավատքի, խղճի ազատությանը


Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որն իսկապես հետամուտ է կրոնի, համոզմունքի, հավատքի, խղճի ազատությանը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր ելույթ ունենալով Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովի բացմանը:

«Նոր Հայաստանն առավել ևս, լիարժեք հավատարիմ է այս արժեքներին: Կարծում եմ՝ այն, որ այսօր Հայաստանի ազգային և տվյալ համատեքստում կրոնական փոքրամասնություններն իրենց զգում են լիարժեք, դա իմ ասածի կարևորագույն ապացույցներից մեկն է», - ասել է Փաշինյանը՝ շարունակելով․ - «Մեզ համար սա սկզբունքային հարց է, որ ազգային կրոնական փոքրամասնությունները Հայաստանի Հանրապետությունում պետք է երաշխավորված լինեն, իրենց զգան լիարժեք, իրենց ինքնությունը պահպանելու, զարգացնելու և իրենց ինքնությամբ հպարտանալու հնարավորություն պետք է ունենան»:

«Ընդհանրապես, կրոնը և միջկրոնական հարաբերությունները, թերևս, հաջորդ ամենակարևոր թեման են, որովհետև երկար ժամանակ ընդունված է եղել մտածել, որ կրոնը և կրոնական պատկերացումների տարբերությունները սովորաբար բաժանում են մարդկանց իրարից: Բայց մենք այս իրավիճակը բավականին տարօրինակ ենք համարում նաև այն բերումով, որ հանրահայտ կրոնների կամ ամենատարածված կրոնների մեծ մասը, ըստ էության, բխում են միևնույն Աստծուց: Եվ սա մեզ ստիպում է ասել, որ բաժանարար գծերը ոչ թե կրոններն են քաշում, այլ դրանց մեկնաբանությամբ զբաղվող մարդիկ, որովհետև մեր հավատքը և համոզմունքն այն է, որ կրոնն իրականում մարդկանց միավորելու համար է, կրոնն իրականում խաղաղություն և ներդաշնակություն հաստատելու համար է, կրոնն իրականում երջանկության հասնելու համար է, մարդկանց օգնելու համար է, որ նրանք հասնեն երջանկության: Եվ եթե բաժանարար գծերը կառուցվել են այս կամ այն կրոնի տեսության բերումով, այսինքն՝ մարդկանց տարբեր մեկնաբանությունների բերումով, դա նշանակում է, որ այդ բաժանարար գծերը կարող են վերացվել նաև նույնպիսի մարդկանց նոր մեկնաբանություններով, նոր մոտեցումներով, իրենց իսկ կողմից քաշված և ստեղծված բաժանարար գծերը վերացնելու միջոցով, և դրա ամենակարևոր նախապայմանը փոխադարձ հարգանքն է միմյանց ունեցած համոզմունքների, զգացմունքների, հավատքի, պատկերացումների և ընկալումների վերաբերյալ», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Ամենամյա համաժողովի նպատակն է հայաստանցի, վրաստանցի և միջազգային գործընկերների շրջանում բազմակողմանի քննարկումների ծավալումը կրոնի և համոզմունքի ազատության ոլորտում առկա զարգացումների և մարտահրավերների վերաբերյալ, հայ-վրացական կապերի ամրապնդումը և միջազգային համագործակցության խթանումը։ Այն ծառայում է որպես մի հարթակ, որտեղ առանցքային շահագրգիռ կողմերը տարբեր տեսանկյուններից քննարկում են Հայաստանում, Վրաստանում և, առհասարակ, աշխարհում կրոնի և համոզմունքի ազատության ոլորտ, իրավիճակն ու զարգացումներն, ինչպես նաև մշակում են դրա բարելավմանն ուղղված համապատասխան առաջարկներ, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG