Մատչելիության հղումներ

Հրայր Թովմասյանը ՀՀԿ անդամ էր, որը գրավված էր մաֆիայի պարագլուխների կողմից․ նախկին օմբուդսմեն


Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ էր, որ գրավված էր մաֆիայի պարագլուխների կողմից, այսօր «Ազատության» հետ զրուցում հայտարարեց մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը: Թովմասյանը այն թելերով է կապված այդ մաֆիայի հետ, որ նա եղել է մի կառավարության ու կուսակցության անդամ, որը գրավված էր մաֆիայի կողմից, հավելեց նախկին օմբուդսմենը:

«Ազատություն». - Կարելի է ենթադրել, որ այդ կնքահայրական կապերը օգտագործելով, ենթադրենք, [Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան] Օրբելյանը կարող է զանգահարել Հրայր Թովմասյանին և ասել՝ «գիտե՞ս, էսպիսի ցանկություն կամ մտադրություն կա գործը ուղարկել Սահմանադրական դատարան, տես ինչ ես անում»։

Կարեն Անդրեասյան. - Ճանաչելով մաֆիայի որոշ դեմքի կտորներ ներսից՝ ինձ մի քիչ զարմանալի ու միամիտ է թվում հարցը։ Եթե զանգելու լինեն, Արամ Օրբելյանի մակարդակո՞վ պիտի զանգեն Սահմանադրական դատարանի նախագահին, ինչի այլ զանգերի ու այլ մեխանիզմների, այլ շփումների ձևեր չկա՞ն, կամ ավելի լավ լծակներ չկա՞ն դրա համար։ Այստեղ այլ հարց է, թե ինչպես իրեն կդրսևորի Հրայր Թովմասյանը, որպես մարդ, որպես քաղաքացի, որպես դատավոր ինչպես կարտահայտվի իր, թեկուզ նախկինում ունեցած որոշ առնչություններից հետո, իր դիմագիծը ինչպիսին կլինի՝ հանուն ժողովրդի և ընդդեմ մաֆիայի՞, թե՞ հանուն նախկին և ներկա որոշակի հարաբերությունների և ընդդեմ ժողովրդի։

«Ազատություն». - Կարծում եք՝ այդ առնչությունները իրենց ազդեցությունը շարունակո՞ւմ են պահպանել Հրայր Թովմասյանի վրա։

Անդրեասյան. - Ես Հրայր Թովմասյանի անձնական հարաբերությունների մասին հիմա տեղեկացված չեմ, ես միայն կարող եմ ասել, որ Հրայր Թովմասյանը Հանրապետական կուսակցության անդամ էր, որը, իմ խորին համոզմամբ, գրավված էր մաֆիայի պարագլուխների կողմից և, իմ խորին համոզմամբ, Հանրապետական կուսակցության էն ազնիվ սերուցքը, որը կար դեռևս Աշոտ Նավասարդյանից ու շատ իր պես արժանավոր մարդկանցից հետո՝ Մարգարյանից և այլնից հետո, ցավոք սրտի, աստիճանաբար մեկուսացվեց, և մաֆիան գրեթե ամբողջությամբ գրավեց այդ կուսակցությունը։ Ես կարծում եմ, որ Հրայր Թովմասյանը նվազագույնը կապված է այդ մաֆիայի հետ այն թելերով, որ նա անդամ է եղել այն կառավարության, որը գրավված էր մաֆիայի կողմից, և այն կուսակցության, որը գրավված էր մաֆիայի կողմից։ Թե հիմա ինչպիսի, այսպես ասած, ինքնազտում է արել Հրայր Թովմասյանը, ինքնավեթինգ է արել Հրայր Թովմասյանը էս գործընթացներից հետո, ցույց կտա ժամանակը և ցույց կտա հենց ինքը Հրայր Թովմասյանը։

Տա Աստված, որ իմ ճանաչած, ազնիվ մասնագետը, որին ես ճանաչել եմ միջազգային կառույցներում աշխատանքից, վերադարձել է իր ներքին «ես»-ին էդ դաժան փորձություններից հետո։ Ի միջի այլոց, բոլորս ենք անցել դա, ես պիտի խոստովանեմ, որ էստեղ միայն Հրայր Թովմասյանը չի, երբ որ պաշտոն էի ստանձնում, ես էլ եմ, այսպես ասած, թաթախվել և կպել էդ ամեն ինչին, և իմ պես շատ մարդիկ։

Պետք է մենք բոլորս հասկանանք՝ որ պահին է սկսում զղջումը, որ պահին է սկսում ինքնամաքրումը, որ պահին է սկսում քավարանը և որ պահին է սկսում հրաժարումը պաշտոնից կամ դիրքից, երբ դու հասկանում ես, որ դու այլևս չես կարող օգնել կամ օգտակար լինել մաֆիային։

«Ազատություն». - Ասացիք՝ Դուք էլ եք հպվել այդ մաֆիային, երբ որ Ձեզ նշանակում էին մարդու իրավունքների պաշտպան, պայման դնո՞ւմ էին Ձեր առջև՝ «դու պետք է քաղաքական ղեկավարության, Սերժ Սարգսյանի կարգադրությունները կատարես»։

Անդրեասյան. - Երանի թե պայման դրած լինեին, որովհետև այդ դեպքում ես կլինեի ոչ թե միամիտ, որը հիմա եմ ինձ տեսնում այդպիսին՝ 2010-11 թվականներին, այլ գոնե կհամարեի ինձ գիտակցված մասնակից ինչ-որ ապօրինի գործընթացների։ Ցավոք սրտի, իմ առջև ոչ մի պայման չի դրվել, որ ես իմանայի նախօրոք և ինքս որոշում կայացրած լինեի։ Այլ հարց է, որ շատ-շատերը, նաև Հրայր Թովմասյանը էդ ժամանակաշրջանում միացավ այդ իշխանությանը կամ սկսեց համագործակցել այդ իշխանության հետ, բայց հետո թե ում կյանքը ինչպես դասավորվեց և ով ինչ ընտրություն կատարեց էդ միավորման, էդ համագործակցության արդյունքում, արդեն ամեն մեկի խղճի գործն է։

Ինչպես հայտնի է, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը կասեցրել է 2008-ի արյունալի իրադարձությունների գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի քրեական գործով վարույթը և այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար։

Սահմանադրական դատարանից հայտնել են, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին ատյանի դատարանի դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է մայիսի 20-ին և գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG