Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այսօր հայտնել է, որ ճիշտ երկու շաբաթից հրաժարական է ներկայացնելու: Այսպիսով նրա քաղաքական կարիերայի առնվազն այս փուլն ավարտվում է:
«Այսօր ես հայտարարում եմ, որ հունիսի 7-ին ազատում եմ Պահպանողական և Յունիոնիստական կուսակցության ղեկավարի պաշտոնը, ուստի կարող է մեկնարկել նոր լիդերի ընտրությունը», - ասել է Մեյը Դաունինգ Սթրիթ 10 հասցեում՝ վարչապետի գրասենյակի մուտքի մոտ հավաքված լրագրողներին:
Այդ քաղաքական կառույցի պաշտոնական անվանումն է «Պահպանողական և Յունիոնիստների կուսակցություն», ոչ պաշտոնական պատմական անվանումն է՝ «տորի»:
Թերեզա Մեյը ժամանակին որոշ վերապահումներով աջակցել է Եվրամիության կազմում Բրիտանիայի մնալու գաղափարին:
Նա վարչապետ է դարձել այն բանից հետո, երբ Բրեքզիթի հանրաքվեի արդյունքում հրաժարական է ներկայացրել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության 75-րդ վարչապետ Դեյվիդ Քեմերոնը:
2016 թվականի հանրաքվեով չնչին առավելություն են ստացել Եվրամիությունից դուրս գալու գաղափարի ջատագովները:
Դա լուրջ քաղաքական ճգնաժամ է հրահրել Բրիտանիայում: Հանրաքվեի այդօրինակ արդյունքն իսկական շոկ էր մեծ թվով բրիտանացիների համար: Նրանցից շատերը նույնիսկ արշավ էին սկսել ևս մեկ հանրաքվե անցկացնելու պահանջով:
Սակայն ստանձնելով կառավարության ղեկավարի պաշտոնը՝ Մեյն ասել է, որ անհրաժեշտ է կատարել ժողովրդին տված խոստումը և ապահովել Եվրամիությունից Թագավորության հնարավորինս հանդարտ դուրս գալը:
Պահպանողականների ապագա լիդերի առաջնահերթությունը կլինի փակուղային վիճակում հայտնված Բրեքզիթի հարցի լուծումը:
Խոհրդարանը երեք անգամ մերժել է Բրեքզիթի հարցով Մեյի ներկայացրած փաթեթը:
2016 թվականին պահպանողականները ենթադրել են, որ ունեն բավական ժամանակ Բրյուսելի հետ հարաբերությունները կարգավորելու համար, սակայն, ինչպես ընդդիմադիր լեյբորիստներն են պնդում, իշխանությունը վատնել է այդ ժամանակը:
Բրեքզիթը պետք է մեկնարկեր այս տարվա մարտի 29-ին: Լոնդոնը և Բրյուսելը մի քանի անգամ հետաձգել են մեկնարկը:
Վերջին համաձայնությամբ Բրեքզիթի մեկնարկ օր է սահմանվել հոկտեմբերի 31-ը: Բրյուսելը նկատել է տալիս, որ այլևս զիջում չի լինի: