Մատչելիության հղումներ

«Անցումային արդարադատությունը տրոյկա դատարանների ձևավորումը չէ». ԱԺ-ում մեկնարկել են անցումային արդարադատության հարցերով լսումները


ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան

Անցումային արդարադատությունը տրոյկա դատարանների ձևավորումը չէ, այսօր խորհրդարանում մեկնարկած անցումային արդարադատության հարցերով լսումների ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ այդ ինստիտուտը պետք է օրինական ձևով աջակցի և զտի գործող դատական համակարգը:

«Ինչ չէ անցումային արդարադատությունը, սա չափազանց կարևոր է, անցումային արդարադատությունն, էսպես ասած, եռյակ՝ տրոյկա դատարանների ձևավորումը չի, արտակարգ դատարանների ձևավորումը չի, և զանազան մարդիկ կարող են հավաքվել և վճիռներ կայացնել։ Անցումային արդարադատությունը պիտի օրենսդրական, օրինական ճանապարհով աջակցի, մաքրի, զտի, կայացնի գործող դատական համակարգը։ Սա թերևս ամենաէական ուղերձն է, որը պետք է մտքներումս պահենք», - ասաց Միրզոյանը:

«Վեթինգը որևէ նվաստացուցիչ գործընթաց չի ենթադրում»

Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանն իր ելույթում անդրադառնալով անցումային արդարադատության ինստիտուտի միջազգային իրավական հիմքերին՝ շեշտեց, որ այն որևէ նվաստացուցիչ գործընթաց չի ենթադրում։

Ըստ փոխնախարարի, սա հաշտեցման և ոչ թե կոնֆրոնտացիայի գործիք է։

Ինչ վերաբերում է այս ինստիտուտի գործիքակազմին, ապա դրանք, Վարդապետյանի խոսքով, քրեական մեղադրանքներն են և վեթինգը՝ գնահատման գործընթացը, որի իրականացման համար երեք չափանիշ է գործելու:

«Որևէ դեպքում, որևէ նվաստացուցիչ գործընթաց սա չի ենթադրում։ Ողջամիտ գնահատումը չի կարող արժանապատվությունը նվաստացնող լինել, չի կարող լինել զտում, չի կարող լինել ֆիլտրում։ Վեթինգն իրականացվում է՝ ստուգելու համար հանրային պաշտոն զբաղեցնող անձի integrity-ն, եթե կարելի է, դա կարող են թարգմանել որպես բարեվարքություն, բայց բարեվարքություն երեք հիմնական կոմպոնենտով՝ վերաբերմունքը մարդու իրավունքներին, վերաբերմունքը մասնագիտական էթիկայի կանոններին և գույքային դրությունը, երեք հիմնական չափանիշներ, երեք հիմնասյուներ, որոնց վրա կանգնած է գնահատման ինստիտուտը վեթինգի իմաստով», - ասաց արդարադատության փոխնախարարը։

Հարցին, թե ի՞նչ ժամանակահատված է ընդգրկելու անցումային արդարադատությունը, փոխնախարարը պատասխանեց՝ այն քաղաքական որոշման արդյունքում է որոշվելու։

«Ժամանակահատվածը, որը դիտվելու է որպես անցումային, որոշվում է յուրաքանչյուր պետության կողմից ավտոնոմ», - ասաց Վարդապետյանը։

«Հանցավոր համագործակցություն ձևակերպումը ես չեմ օգտագործի»

Ի դեպ, «Սասնա ծռեր»-ից, ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործով մեղադրյալ Վարուժան Ավետիսյանը հարց ուղղեց փոխնախարարին, թե արդյո՞ք ընդունում է, որ «հանցավոր համագործակցությունը զավթել էր պետությունը և այն մինչև օրս մասամբ զավթված է», Աննա Վարդապետյանը պատասխանեց. - «Հանցավոր համագործակցություն ձևակերպումը ես չեմ օգտագործի»:

«Իշխանությունները դիրքորոշում ձևակերպված չունեն​»

Քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի հարցին, թե արդյո՞ք պետությունը հրաժարվում է լյուստրացիայից, միջամտեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ
քաղաքական մեծամասնությունը հնչող հարցերի վերաբերյալ վերջնական դիրքորոշում չունի, հետևաբար փոխնախարարը չի կարող ներկայացնել Կառավարության դիրքորոշումը:

«Պետությունը, իշխանությունները դիրքորոշում ձևակերպված չունեն, այս լսումները նաև կոչված են էդ դիրքորոշումը ձևավորելու», - ասաց Միրզոյանը։

«Անցումային արդարադատությունը պետք է տարածվի 1991-2018-ը ընկած ժամանակահատվածի վրա»

Խորհրդարանական լսումներում իբրև հիմնական զեկուցող հանդես եկավ նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը՝ ներկայացնելով անցումային արդարադատության մեխանիզմների կիրառության հնարավորությունը Հայաստանում։

Մասնավորապես, Զադոյանի կարծիքով՝ անցումային արդարադատությունը պետք է տարածվի 1991-2018-ը ընկած ժամանակահատվածի վրա, իսկ կիրառման գործերի շրջանակում պետք է ընդգրկվեն հասարակությունից և պետությունից թալանված գումարների վերաբերյալ կոռուպցիոն գործերն, այդ թվում՝ հանրային գերակա շահի անվան տակ անձանց սեփականության օտարման վերաբերյալ գործերը։

«Երկրորդ՝ համապետական ընտրություններում և հանրաքվեներում տեղ գտած զանգվածային ընտրախախտումների վերաբերյալ գործերը և դրանցից ածանցյալ գործերը, օրինակ՝ 2008 թվականի Մարտի 1-ի վերաբերյալ գործը։ Երրորդ՝ կյանքի իրավունքի, խոշտանգումներից զերծ լինելու իրավունքի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ գործերը», - ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահը։

«Վեթինգ պետք է իրականցվի դատական և իրավապահ մարմիններում»

Զադոյանը նշեց, որ փորձագիտական քննարկումների արդյունքում եկել են եզրահանգման, որ վեթինգ պետք է իրականցվի դատական և իրավապահ մարմիններում, թեև վարչապետը խոսել է միայն դատավորների մասին:

Ինչ վերաբերում է վեթինգային հանձնաժողովի անդամների ընտրությանն, ապա, ըստ Զադոյանի, պետք է նույն բարեվարքության չափանիշները գործեն, ինչ վեթինգի ենթարկվող դատավորների նկատմամբ:

Կարեն Զադոյանը խոսեց նաև մասնագիտական դատարանների մասին՝ ասելով, որ Սահմանադրությունը նման հնարավորություն տալիս է։

Փորձագետն առաջարկեց կոռուպցիոն գործեր քննող առանձին դատարաններ ստեղծել, քանի որ անցումային արդարադատության հիմնական առարկան հենեց կոռուպցիոն հանցագործություններն են:

«Դատավորների համար բացառիկ մարդասիրական միջանցք կա»

Ի դեպ, Կարեն Զադոյանը խոսեց դատավորների համար այս պահին ստեղծված «մարդասիրական միջանցքի» մասին՝ շեշտելով, որ նրանք կարող են ցույց տալ, թե ինչպես են կուտակել իրենց հարստությունը, կամ պարզապես հրաժարական տալ։

«Ես այսօր գեթ մեկ դեպք չգիտեմ, որ որևէ դատավոր հանրությանն ասի, որ այս միջոցներն օրինական են, և ներկայացնի ապացույցներ։ Դրա համար ասում եմ՝ էսօր բացառիկ մարդասիրական միջանցք կա․ կներկայացնե՞ն՝ էդ վեթինգի պրոցեսն ավելի շուտ կանցնեն, հանրային վեթինգ կանցնեն, կշարունակեն պաշտոնավարելը, չե՞ն ներկայացնի՝ ուրեմն էլի մարդասիրական միջանցք կա՝ կարող են հրաժարականների միջոցով լքել դատական համակարգը», - ասաց Զադոյանը։

Լսումներին ելույթ ունեցավ նաև Նյու-Յորքում գտնվող Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի փորձագետ Ռուբեն Կարանզան՝ տեղեկացնելով, որ Հայաստանում սկսել են աշխատել 2018-ի հեղափոխությունից հետո։

Փորձագետը շեշտեց, թե Հայաստանում անցումային արդարադատությունը մշակողները պետք է հիշեն, որ հեղափոխություն պահանջել են նրանք, ովքեր երկար ժամանակ Հայաստանում անարդարությունների են ենթարկվել, խոսքը տվյալ դեպքում 2008-ի Մարտի 1-ի զոհերի և վիրավորների ընտանիքների, խոշտանգումների և քաղաքական բանտարկության ենթարկվածների, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի, ցրտի և սովի մեջ ապրող թոշակառուների մասին է, այն դեպքում, երբ օլիգարխներն ու նրանց սատարող քաղաքական գործիչները շարունակ հարստացել են:

Հավելենք, որ խորհրդարանական ընդդիմությունը լսումների ընթացքում շեշտեց՝ դատական համակարգը պետք է բարեփոխվի, բայց միայն օրենքի շրջանակներում:

«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը զգուշացրեց. - «Եթե մենք այս պրոցեսը տանելու ենք Նովգորոդյան վեչեի օրինակով, որտեղ Նովգորոդի հրապարակում իշխան Ռյուրիկի հրահանգով ժողովրդի անունից գիլյոտիններ էին կախվում քաղաքում, ապա մենք շատ ավելի վատ արդյունք ենք ունենալու»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG