Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը «Զարգանալու ենք չզիջելով, լրջացե´ք» կարգախոսով հանրահավաք է անցկացնում Ազատության հրապարակում


Հայ հեղափոխական դաշնակցությունը հանրահավաք է անցկացնում Երևանի Ազատության հրապարակում: Հանրահավաքի կարգախոսն է՝ «Զարգանալու ենք չզիջելով, լրջացե´ք»:

Հանրահավաքի մեկնարկին ելույթ ունեցավ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նա քննադատեց գործող իշխանություններին՝ կոչ անելով ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը և լրջանալ:

Սաղաթելյանն, ըստ էության, կրկնեց երկու օր առաջ ՀՅԴ Գերագույն մարմնի տարածած հայտարարության դրույթները, նշելով, որ Դաշնակցությունը Հայաստանում ստեղծված իրավիճակը գնահատում է «տագնապեցնող» և նշում, որ «սխալ ճանապարհով ճիշտ հանգրվանի չենք հասնի»։

ՀՅԴ Գերագույն ներկայացուցիչը նաև քննադատեց անցումային արդարադատության անցնելու մասին իշխանությունների հայտարարությունները:

«Ըստ էության, չիրացնելով գործող Սահմանադրությամբ և ՀՀ օրենսդրությամբ վարչապետին վերապահված լայն լիազորություններն ու պարտականությունները, Փաշինյանը որդեգրել է ժողովրդի գործոնը շահարկող մարտավարություն», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը, հավելելով․ - «Նիկոլ Փաշինյանի իշխանության անհեռանկար ընթացքի դեմ համախմբվելու ժամանակն է»:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը իր ելույթում հայտարարեց, որ իրենց հանրահավաքի նպատակն է ահազանգ հնչեցնել երկրի իշխանություններին, որ «այսպես շարունակել չի կարելի»։

«Իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ միայն համահունչ չէ երկրի դիմագրաված մարտահրավերներին և ժողովրդի սպասելիքներին, այլև կուտակում է նոր վտանգներ և կուտակում է նոր խնդիրներ», ֊ հայտարարեց Ռուստամյանը։ ֊ «Սա մի սպառնալիք է, որ այս ինքնագոհ և ինքնահավան իշխանութունը չի զգում չի պատրաստվում դրա դեմն առնել։ Դրա համար եկել ենք ասելու՝ լրջացեք, դուրս եկեք ձեր այս ինքնասիրահարված ու էյֆորիկ վիճակից», ֊ հավելեց նա։

Խոսելով Փաշինյանի կառավարման մասին՝ Ռուստամյանը հայտարարեց. ֊ «Առաջ֊առաջ գոռալով հետ֊հետ ենք գնում դեպի միահեծան ու միանձնյա կառավարմանը, մենիշխանությանը, բայց այս անգամ, իբրև թե, ժողովրդի կամքով ու պահանջով։ Հասել ենք այնտեղ, որ արդեն ժողովրդի անունով պարբերաբար կարելի է տապալել սահմանադրական կարգը, շրջանցել օրենքներ ու տապալել ցանկացած պետական մարմնի լիազորություն։ Սա մի ընթացք է, որը գուժում է սահմանադրական պետության վերջի մասին»։

Դաշնակցությունը նախաձեռնում է քննարկումներ բոլոր կողմերի հետ՝ իրավիճակը լիցքաթափելու, պետականաշինության գործընթացը բնականոն հուն տեղափոխելու, ժողովրդի ակնկալած բարեփոխումներն իրականություն դարձնելու ուղիներ փնտրելու համար:

Հանրահավաքի մասնակիցների մեջ էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը, «Ժառանգության» նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից՝ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը, Մենուա Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG