Գլխավոր դատախազությունն այսօր 2 բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի քրեական գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու մասին դատարանի որոշումների դեմ։ Այս մասին «Ազատությանը» հայտնեցին գլխավոր դատախազությունից։
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշում կայացրեց փոփոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը և նրան ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և պաշտոնաթող նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորության դիմաց։
Այս որոշումից երկու օր անց էլ՝ մայիսի 20-ին, դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշում կայացրեց կասեցնել քրեական գործի վարույթը և այն ուղարկել Սահմանադրական դատարան։ Ըստ այդմ, դատարանը նշում է, որ դատական քննության այդ փուլում առկա է Քրեական օրենսգրքի հին՝ 300 ու 2009-ին փոփոխված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածների և Սահմանադրության 72, 73 և 79 հոդվածների միջև անհամապատասխանության կասկած, և անհրաժեշտություն կա պարզել դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը։
«Դատարանը փաստում է, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտերի կիրառման խնդիրն առկա է դատական քննության հատկապես տվյալ փուլում, ուստի դրանց սահմանադրականության հարցով ՀՀ Սահմանադրական դատարան է դիմում»,- նշված է որոշման մեջ։ Միաժամանակ, Դավիթ Գրիգորյանը կիսում է վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի այն դիրքորոշումը, ըստ որի պարտադիր չէ, որ նախագահը գործի հստակ իր լիազորությունների շրջանակներում և դրանցից դուրս չգա, կարևորն այն է, որ վերջինիս կատարած այդպիսի արարքը բխի իր՝ որպես նախագահի կարգավիճակից և պայմանավորված լինի նախագահին վերապահված լիազորությունների իրականացմամբ:
Ըստ այդմ, դատավոր Դավիթ Գրիգորյանը եզրահանգում է, որ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող արարքները վերաբերում են որպես նախագահ իր կարգավիճակին, այլ ոչ որպես մասնավոր անձ կատարած գործողություններին։ - «Հետևաբար, Ռոբերտ Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառութային անձեռնմխելության երաշխիքից», - իր որոշման պատճառաբանական մասն է ամփոփում դատավոր Դավիթ Գրիգորյանը։