Այսօր մի խումբ քաղաքացիներ Բարձրագույն դատական խորհրդի դիմաց պահանջում էին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը։ Այնտեղ էր նաև քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը.
«Այս մարմինը ձևավորվել է նախկին իշխանությունների օրոք, թե ովքեր են նստած՝ ինքներդ գիտեք․ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանից մինչև նախկին իշխանությունների հետ սերտ առնչություն ունեցող անձինք, և Նիկոլ Փաշինյանը ո՛չ կարող է սրանց ազատել, ո՛չ կարող է ազատել Հայաստանի Հանրապետության դատավորներին», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Սաֆարյանը: ֊ «Սահմանադրության մեջ չկա որևէ հոդված, որը հղման առարկա դառնա վարչապետի համար ազատվելու իրավական համակարգը խեղդած այս մարմնից կամ դատաիրավական համակարգը կոռուպցիայի և պատվիրված արդարադատության վերածած դատավորներին ազատելու և նշանակելու համար»:
Քաղաքացիները պահանջում էին անցումային արդարադատություն, ինչպես նաև պնդում էին՝ բարձրագույն դատական խորհրդի կազմը անհապաղ պետք է փոփոխվի:
«Այս մարմինը ինքն է իր հաշվետվությամբ ընդունել, որ ինքը ձախողել է անկախ դատական համակարգ ստեղծելու հնարավորությունը», - հայտարարեց Ստեփան Սաֆարյանը:
Տասը անդամ ունեցող Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով պետք է երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը: Բարձրագույն դատական խորհուրդն է Հանրապետության նախագահին առաջարկում դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին, լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, լիազորությունները դադարեցնելու հարցերը, դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը:
Ցուցարարներն այսօր ցանկացել էին փակել Բարձրագույն դատական խորհրդի շենքի մուտքը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին:
Հիշեցնենք, մայիսի 20-ին քաղաքացիները, հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, վաղ առավոտից շրջափակել էին Երևանի բոլոր դատարանները, ինչպես նաև ԲԴԽ-ի շենքը: