Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը վերջերս փախուստի է դիմել առաջնագծից, քանի որ հայտնվել էր հայ դիրքապահների վերահսկողության ներքո՝ այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Վերջերս իրենց պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կդիմավորի Երևանում կամ այլ տեղ: Իրականում նա, այս վերջերս առաջին գիծ գալով, փախուստի էր դիմել մեր զինված ուժերի կողմից վերահսկողության տակ վերցվելուց հետո», - նշեց Գրիգորյանը: - «Այց է ունեցել սահման, որից հետո փախուստի է դիմել, որովհետև հայտնվել էր մեր զինվորների վերահսկողության տակ», - մանրամասնեց ԱԽ քարտուղարը:
Այս օրերին Ադրբեջանում անցկացվում են լայնածավալ զորավարժություններ, և Զաքիր Հասանովն ու Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավար կազմը երեկ այցելել են հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով տեղակայված զորամասեր, հետևել հայկական Զինված ուժերի դիրքերին:
Իշխանությունները «իրականում» դավաճանության մասին մտահոգություններ ունեն
Այս երկուշաբթի կառավարությունում իշխանության տարբեր ճյուղերի բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշագրավ հայտարարություն արեց, թե Հայաստանի նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող ուժերը փորձում են թշնամանք հրահրել Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև, նպատակ ունեն սանձազերծել դավադիր պատերազմ, հանձնել որոշ տարածքներ և տեղի ունեցածի պատասխանատվությունը դնել Հայաստանի կառավարության վրա:
Փաշինյանը նման հայտարարություն արեց դատարանի որոշումից հետո, ըստ որի Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից:
Ուշագրավ է, որ նախորդ երեք ամսվա ընթացքում վարչապետ արդեն երկրորդ անգամն է բարձրաձայնում պետական դավաճանության մասին: Փետրվարի վերջին գտնվելով հարևան Իրանում՝ Փաշինյանն ասաց, թե չպետք է թույլ տալ, որ Հայաստանում գործեն քաղաքական գործիչներ, որոնք «ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գիգորյանին այսօր խնդրեցինք մանրամասնել՝ ի՞նչ պետական դավաճանության, օտարերկրյա գործակալների մասին է խոսում երկրի ղեկավարը:
«Վարչապետը հնարավորինս պարզ դրա մասին խոսել է: Իրականում նման մտահոգություններ մենք ունենք: Իհարկե, շատ բաց դրա մասին խոսելը որոշակի սահմանափակումներ ունի: Այն, ինչ հնարավոր է եղել, բաց խոսվել է», - ասաց ԱԽ քարտուղարը:
Հարցին՝ Հայաստանի դեմ դավադրությունը արտաքի՞ն ուժերի կողմից է, թե ներքին, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ ֊ «21-րդ դարում ներքինն ու արտաքինը տարանջատելը մի քիչ դժվար է, որովհետև դրանք որոշակի չափով փոխկապակցված են: Եվ այդ առումով, մանրամասն խոսել այս պահին հնարավորություն չկա»:
ԱԽ քարտուղարը կարևորում է ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը
Մայիսի 20-ի իր ելույթում վարչապետ Փաշինյանը նաև հայտարարեց ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին:
«Հանձնաժողովի հետաքննությունը հնարավորություն կտա բարձրացնել այն բոլոր խնդիրները, որոնք եղել են Ապրիլյան պատերազմի ընթացքում, լուծում տալ այդ խնդիրներին և այնպես անել, որ հետագայում այլևս մենք չհայտնվենք այդ իրավիճակում», - մեկնաբանեց Արմեն Գրիգորյանը՝ շարունակելով․ ֊ «Այսինքն, դա ավելի շատ այդ նպատակը ունի, որպեսզի մենք կարողանանք մեր պաշտպանողական և անվտանգության համակարգերի արդյունավետությունը բարձրացնել և ունենանք ավելի լավ անվտանգության համակարգ»: