Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի և Չինաստանի միջև ազատ վիզային ռեժիմի հաստատման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
«Ըստ համաձայնագրի, թե՛ Հայաստանի, թե՛ Չինաստանի քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից մինչև 90 օր ժամկետով միմյանց երկրներ այցելելիս։ Միգրացիոն կարգավորումների նպատակով պետությունները պարտավորվում են արագ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ առանց վիզային ռեժիմը չարաշահող քաղաքացիներին իրենց երկիր վերադարձի համար։ Համաձայնագրի ստորագրմամբ ակնկալվում է երկու երկրների միջև առևտրային, գործարար, զբոսաշրջային փոխանակումների առավել ակտիվացում և այս բնագավառում գոյություն ունեցող ներուժի առավել արդյունավետ օգտագործում», - նիստի ժամանակ ասաց փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս համաձայնագրի ստորագրումը օրերս իր Չինաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում է։
«Մենք նախատեսում ենք պայմանագիրը ստորագրել Չինաստանի արտաքին գործերի նախարարի Երևան կատարելիք այցի ընթացքում, և հույս ունենք, որ սա կակտիվացնի երկու երկրների հարաբերությունները, և Հայաստանի քաղաքացիներն առանց խոչընդոտի կարող են այցելել Չինաստան», - ասաց Փաշինյանը։
Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրել է, որ մայիսի 25-ին Չինաստանի արտգործնախարար Վան Ինը կայցելի Հայաստան։ Այցի շրջանակում նախատեսված է երկու միջազգային պայմանագրի և մեկ միջազգային պայմանագիր չհանդիսացող փաստաթղթի ստորագրում։