Մատչելիության հղումներ

Մասիսի քաղաքապետին մեղսագրվող երկու հոդվածներից մեկով քրեական հետապնդումը դադարեցվել է


Քննչական կոմիտեն դադարեցրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով՝ հանցակազմի բացակայության պատճառով։

Գործը հարուցվել էր Երևանում և մարզերում խաղաղ հավաքներ և երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքերի առթիվ:

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին՝ Դավիթ Համբարձումյանը շարունակում է մնալ մեղադրյալ՝ զենքի կամ որպես զենք օգտագործող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով:

«Այս պահին քրեական գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 8 անձ: Ինչ վերաբերում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, ուզում եմ նշել, որ քրեական գործի շրջանակներում նրան մեղադրանք էր առաջադրվել երկու հոդվածով՝ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի երկրորդ մասով և 258-րդ հոդվածի չորրորդ մասով: Այս պահին քրեական հետապնդումը Համբարձումյանի նկատմամբ դադարեցվել է միայն 225-րդ հոդվածի երկրորդ մասով», - «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Անցած հուլիսին կալանավորված, ապա սեպտեմբերին 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակված Դավիթ Համբարձումյանն այսօր հրաժարվեց մեկնաբանություն տալ։

Մայիսի 4-ին, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արարատի մարզ՝ մասնակցելու «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին, այնտեղ էր նաև Մասիսի քաղաքապետը, ով լրագրողների հետ զրույցում պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք հարուցված քրեական գործում քաղաքական ենթատեքստ է տեսնում, արձագանքել էր. - «Ոչ, ոչ։ Դրա մասին չեմ ուզում խոսել։ Քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում»։

Հավելեց նաև, որ նոր իշխանությունների հետ «շատ լավ է» է աշխատում․ - «Իշխանության կողմից որևէ ճնշում չկա, և վստահեցնում եմ ձեզ նման որևէ խոսակցություն չի եղել: Եթե կլինեն նման մարդիկ, որ տենց բաներ կխոսան, մի հավատացեք, որովհետև իշխանությունների հետ շատ նորմալ աշխատում եմ, որևիցե տարբերություն չեմ էլ զգում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG