Մատչելիության հղումներ

«Ճանապարհը խի՞ չենք սարքում, էրեխեքը բողոքում են». Փաշինյանն արձագանքում է «Գյուղամեջ»-ի երեխաների բողոքին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում անդրադառնալով «Ազատության» «Գյուղամեջ» հաղորդաշարի՝ Սիս գյուղին նվիրված հաղորդմանը՝ դիմեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին. - «Պարոն Պապիկյան, տեսել եք էն տեսանյութը, որ Սիս գյուղի էրեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ «Նիկոլն էկավ, խոստացավ, գլխառադ արեց, չսարքեց», խի՞ չենք սարքում, էրեխեքը բողոքում են, սենց չեղավ»։

Պապիկյանն արձագանքեց՝ նշելով՝ հաշվի առնելով երեխաների խնդրանքն այնտեղ ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն։

«Պարոն վարչապետ, էրեխեքի խնդրանքը, նաև բարձրացրած հարցը հաշվի առնելով մենք էդտեղ իրականում հենց ասֆալտ էլ կանենք, էս նախագիծն արդեն ուղարկել ենք, ուղղակի կարող է կարիք լինել, որ մեկ անձից գնման միջոցով, որպեսզի արագ լինի», - ասաց Պապիկյանը։

Կառավարության ղեկավարն անակնկալ այցով մարտի 16-ին հարևան Ռանչպար գյուղում էր։ Սիսի երիտասարդները՝ տեսնելով վարչապետի ուղիղ հեռարձակումը Ռանչպարից, շտապել էին նրան հրավիրել գյուղ։ Փաշինյանը խոստացել էր և րոպեներ անց արդեն Սիսում էր։ Այցի ընթացքում գյուղի բնակիչների և գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Մելքոնյանի հետ միաձայն որոշել էին՝ գյուղի ամենակարևոր խնդիրը ճանապարհն է։

Արդեն մայիսին «Գյուղամեջ» հաղորդաշարի նկարահանման ժամանակ երեխաները բողոքեցին. - «Ասեց՝ կնորոգի, բայց մինչև հիմա նորոգում ա, սպասում ենք դեռ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG