Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Հայաստանի նախագահ Արման Սարգսյանը կմասնակցի Ալմաթիում բացվող Եվրասիական մեդիա ֆորումին, որը կրում է «Դեգլոբալիզացիա. նոր համաշխարհային լանդշաֆտ» խորագիրը:
Արմեն Սարգսյանը եղել է Եվրասիական մեդիա ֆորումի համահիմնադիրներից մեկը, ասված է Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրությունում:
Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր հրավերում համոզմունք է հայտնել, որ ֆորումին այնպիսի հայտնի ու հեղինակավոր քաղաքական ու պետական գործչի մասնակցությունը, ինչպիսին Արմեն Սարգսյանն է, անկասկած, մեծ հետաքրքրություն կներկայացնի մասնակիցների և հյուրերի համար:
Մայիսի 23-24-ը Ալմաթիում անցկացվելիք Եվրասիական մեդիա 16-րդ ֆորումին մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը՝ Ղազախստանի Սենատի խորհրդարանի նախագահ Դարիգա Նազարբաևայի հրավերով, հաղորդում է վարչապետի տիկնոջ գրասենյակը:
Եվրասիական մեդիա ֆորումն արդեն ավելի քան 15 տարի կազմակերպվում է Ղազախստանում: Այն երկխոսությունների հեղինակավոր հարթակ է դարձել եվրասիական տարածաշրջանում: Ամեն տարի ֆորումը մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի շուրջ 60 երկրների ավելի քան 600 պատվիրակների, այդ թվում և քաղաքական գործիչների, տնտեսագետների, Նոբելյան մրցանակակիրների, գործարարների ու փորձագետների: