Նրանք Թուրքիայից ձեռք բերված 14 տոննա բեռների մի մասը ներկրել են Հայաստան՝ առանց հայտարարագրման կամ այլ, ավելի էժան ապրանքների անվան տակ՝ չվճարելով մաքսազերծման համար նախատեսված հարկերն ու տուրքերը:
Մինչդեռ Բագրատաշենի մաքսակետում իրենց պատանդ համարող առևտրականները պնդում են, թե իրենց համար անհասկանալի պատճառներով ապրանքն ու իրենց ապօրինի պահում են մաքսակետի անգարներում։
«250 կիլո ապրանք եմ բերել, չորրորդ օրն ա ստեղ եմ: Ռաստամոժկեն արել եմ, փողը մուծել եմ, ասում են՝ էս օրինական չի, պետք ա հատ-հատ քանդենք, նայենք ինչ ես բերել», - ասաց նրանցից մեկը:
ԱԱԾ-ն տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ տեղեկություններ ունեն, թե հագուստեղենի և տեքստիլ արտադրանքի ներկրման նպատակով տևական ժամանակ կիրառվել են կազմակերպված ապօրինի մեխանիզմներ: Իրավապահները կասկածներ ունեն, որ բեռների անօրինական տեղափոխումը հնարավոր է դարձել մաքսակետի պաշտոնատար անձանց թողտվության կամ պաշտոնական դիրքի չարաշահման հետևանքով:
Առևտրականներն «Ազատությանն» ասացին, դժգոհ չեն մաքսակետի աշխատակիցներից, նրանք ամեն ինչ ճիշտ հաշվարկել են։
«Արդեն մի ամիս ա, թազա պետն աշխատում ա: Մենք օրինական գալիս ենք, մտնում ենք, մեր վեշը դնում ենք, մոնիտորի տակով անցնում ա, մեր գումարը մուծում ենք, դուրս են գալիս, գնում ենք», - ասաց նրանցից մեկը:
«Մահանա բռնեցին, թե սխալ անվանումով եք արել, սխալ էս եք արել, էն եք արել: Ես բյուջեն արդեն փող եմ մուծել, մեծ գումար: Ձեր աշխատակիցին պետք ա դիմեք՝ ինչի՞ եք սխալ անվանումով արել», - հավելեց մյուսը:
Առևտրականները պնդեցին, թե իրենց որևէ անօրինական գործարք չեն արել:
«Ներկայումս ԱԱԾ և ՊԵԿ աշխատակիցների կողմից Բագրատաշենի մաքսակետում իրականացվում են համատեղ միջոցառումներ՝ ներկրված ապրանքների գույքագրման և պետությանը պատճառված վնասի չափը հաշվարկելու նպատակով, սակայն առևտրային գործունեությամբ զբաղվող անձինք համառորեն խոչընդոտում են գործընթացին՝ ստվերային տնտեսական գործունեությունը շարունակելու ակնկալիքով», - ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Մինչդեռ առևտրականներն «Ազատությանն» ասացին, որ փաստաբան են հրավիրել և պատրաստվում են բողոքարկել իրավապահների գործողությունները։