Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա Թատերական ինստիտուտում. Ուսանողները պահանջում են ռեկտորի հրաժարականը


Թատերական ինստիտուտի ուսանողները փակել են բուհի դռները, 22-ը մայիսի, 2019 թ.
Թատերական ինստիտուտի ուսանողները փակել են բուհի դռները, 22-ը մայիսի, 2019 թ.

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այսօր ռեկտորի ընտրություն տեղի ունեցավ։ Հոգաբարձուների խորհրդի 24 անդամներից 14-ը կողմ քվեարկեցին Լիլիթ Արզումանյանի թեկնածությանը։ 9 կողմ և մեկ ձեռնպահ ձայներով Լիլիթ Արզումանյանը ընտրվեց ռեկտոր։

Ուսանողները ընտրություններից անմիջապես հետո բողոքի ակցիա նախաձեռնեցին. նրանք դեմ են ռեկտորին և պահանջեցին հրաժարական տալ։

«Տիկին Արզումանյանին ահագին ժամանակ էր տրվել, որ էս ինստիտուտում կարողանա ինչ-որ բարեփոխումների ծրագրեր ուսանողների հետ անցկացնի, ինքը ոչ մի բան չի արել ու ոչ մի հուսադրող բան չի տալիս իրա կողմից, որ էս ուսանողության ու էս ինստիտուտի հետ կարա ինչ-որ ճանապարհ գնա», - նշեց ակցիայի մասնակից ուսանողներից մեկը։

Ուսանողները արդեն մի քանի ժամ է փակ են պահում ինստիտուտի դռները՝ պահանջելով Լիլիթ Արզումանյանից ինքնաբացարկի դիմում ներկայացնել։ Վերջինս, սակայն, հայտարարեց, որ չի պատրաստվում ինքնաբացարկի դիմում ներկայացնել, քանի որ այս ճնշումներին չի ենթարկվի։ Արզումանյանն ուսանողներին խնդրեց իրեն մինչև առավոտ ժամանակ տալ մտածելու համար։

«Երեկ ես եղել եմ երեկոյան նախարարի մոտ, հավատացեք, որ ես նախարարի մարդը չեմ, այսպես ասած, չկա տենց բան, որովհետև եթե այդպես լիներ, ինձ գործից չէր հանի ինքը։ Ես երեկ եղել եմ նախարարի մոտ, էս ամեն ինչը, բնականաբար, էրեխեք, ես երդվում եմ, ինձ վրա շատ ծանր է նստում, ես էսօր ասեցի ուսանողական խորհրդի ժամանակ, ասեցի՝ ոչ մի ջահելի ես չէի ցանկանա, որ իր ամբողջ կյանքի ընթացքում ապրեր էն, ինչ ես ապրեցի էս երկու օրը», - նշեց Լիլիթ Արզումանյանը։

Ուսանողների և ռեկտորի միջև բանակցություններին մասնակցում էր նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ հասկանալու համար, թե ուսանողների որքան մասն է պահանջում ռեկտորի հրաժարականը։ Նա ասաց, որ եթե այսօր մի քանի ժամվա ընթացքում բուհի 590 ուսանողներից գոնե 300-ը հավաքվի, ապա իրենց պահանջը օրինաչափ կլինի։

«Բերված փաստարկները, ես գտնում եմ, որ նույնիսկ ընտրվելու դեպքում կարող ենք լուծել, այսինքն էսպիսի խնդիր է եղել, հիմա ես ասում եմ՝ ես երաշխավորում եմ, որ իմ հսկողության ներքո, եթե ռեկտորը դա չի կատարելու, ես ինքս եմ պահանջելու, որ ինքը դուրս գա աշխատանքից, բայց որ ուսանողը սրա հետ չի համաձայնվում, էս դեպքում մի քիչ մտավախությունը չեմ հասկանում։ Այսինքն մենք մնացել ենք էստեղ հասկանալու համար՝ ինչ է կատարվում, որովհետև եթե խնդիրը տեխնիկական է, տեխնիկական խնդիրը կարելի է հանգիստ լուծել, եթե խնդիրը անձնավորված է, էլի ես պիտի իմանամ՝ ինչո՞ւ է անձնավորված», - նշեց Լուսինե Բադալյանը։

Ուսանողները թույլ չէին տալիս անգամ դասախոսներին բուհից դուրս գալ։ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար, Թատերական ինստիտուտի դասախոս Ռուբեն Բաբայանը մոտեցավ ուսանողներին և պահանջեց բացել դռները։ Վերջիններս հրաժարվեցին։ Բաբայանը հայտարարեց, որ հենց այդ պահին դիմում կգրի և դուրս կգա բուհից, այդպես էլ արեց և ինստիտուտից դուրս եկավ արդեն ոչ որպես դասախոս։

Ուսանողները հայտարարեցին, թե պատրաստվում են մինչև առավոտ փակ պահել բուհի դռները։ Այս պահին նրանք շարունակում են բանակցությունները բուհի ռեկտորի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG