Մատչելիության հղումներ

Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 95 տարեկան


95 տարի առաջ մայիսի 22-ին Փարիզում հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում է ծնվել Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը՝ աշխարհի մեծագույն արվեստագետերից մեկը՝ Շառլ Ազնավուրը:

«Իմ ճանապարհը հեշտ չի եղել, շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին՝ երեսիս փակված դռներ, հեգնանքով ու արհամարհանքով լի ժպիտներ», - գրել է Ազնավուրը:

Փառքն ու հռչակը նրան գտան 32 տարեկան հասակում՝ Փարիզյան հանրահայտ «Օլիմպիա» համերգասրահում առաջին իսկ ելույթից հետո, և այդպես էլ ուղեկցեցին մինչև իր երկրային կյանքի վախճանը: Բեմից չհեռացավ ավելի քան 60 տարի, նրա գրած հազարից ավելի երգերն ու նրա ավելի քան 180 միլիոն ձայնասկավառակները, նրա համերգներն անգամ 94 տարեկան հասակում ողջ աշխարով մեկ պատմում էին մարդկային ամենանվիրական հույզերի ու զգացմունքների մասին՝ սիրո, հավատարմության , նվիրվածության, խենթ ու խելառ բոհեմական անվերջ շրջապտուտյների, նաև, իհարկե, կասկածների, զայրույթի ու հուսահատության, կորուստների ու կրկին սեփական անձը վերգտնելու մասին։

Արդեն քանի տասնյակ տարիներ նրա երգերը հնչում են նաև աշխարհի լավագույն երգիչների կատարմամբ, մարդիկ կարդում ու կարդում են իր կյանքի մասին պատմող Ազնավուրի չափազանց անկեղծ գրքերը: Ի դեպ, 2018 թվականի հոկտեմբերի 1-ին մահվանից առաջ կրկին իր հուշագրություններից մեկի վրա է աշխատել և բոլորովին էլ չի մտածել մահվան մասին: Համոզված էր, որ 1000 տարի է ապրելու:

Մայիսի 26-ին Երևանի Երևանում՝ Մարզահամերգային համալիրում տեղի կունենա Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյա հոբելյանին նվիրված համերգ, որին մասնակցելու համար Ֆրանսիայից 6 երգիչներ են ժամանելու: Նրանք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ մեր երաժշտասերներին կմատուցեն ոչ միայն Ազնավուրի երգերը, այլև իրենց երգացանկի լավագույն ստեղծագործությունները՝ նվիրելով Շառլ Ազնավուրի հիշատակին:

Կարեն Ղազարյան և Նազենի Ղարիբյան
Կարեն Ղազարյան և Նազենի Ղարիբյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանն ասաց․ - «Այսօր Շառլ Ազնավուրի ծնդդյան օրն ա, և այսօր երևի տոն ա յուրաքանչյուր հայի համար, որովհետև Շառլ Ազնավուրը դարձրեց հայերին ավելի ճանաչելի, ավելի սիրված: Չկա այդպիսի ժողովուրդ, որը չճանաչի Շառլին ու չիմանա, որ Շառլը հայ ա: Էդ մարդը էնքան բան ա արել մեր ազգի համար: Մարզահամերգային համալիրի կողքը կա մի տարածք, որն ուզում ենք պուրակ սարքենք, և այդ պուրակը լինելու ա Աստղային պուրակ: Եվ պայմանավորվածություն կա Շառլի ընտանիքի հետ՝ Նիկոլայի և Քրիստինայի հետ, որ երբ իրենք լինեն Երևանում, այդ պուրակում առաջին ծառը կտնկեն նրանք Շառլի անունով»:

Այս օրերին Երևանում է և մայիսի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի հետ իր 60-ամյա ստեղծագործական ուղուն նվիրված համերգով հանդես է գալու մեր հայրենակցուհի, ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց նաև Ազնավուրի մասին․ - «Ազնավուր շատ մեծ կոմպոզիտոր է, արտիստ, հայ»:

Ռոզի Արմեն և Երվանդ Երզնկյան
Ռոզի Արմեն և Երվանդ Երզնկյան

Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը հավելեց․ - «Մենք բոլորս ցավում ենք, որ Ազնավուրը էսօր մեզ հետ չի: Բայց Ազնավուրը մի մարդ է, որը չի մեռնում: Մեզ համար Ազնավուրը կա և կլինի: Մենք մի քիչ որբացած ենք մեզ զգում, բայց Ազնավուրը մեզ հետ է, որովհետև իր երգերը մեզ հետ են, իր հոգին մեզ հետ է: Ազգը դա չի մոռանա երբեք: Շնորհավորենք բոլորիս իր ծննդյան օրվա կապակցությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG