Մատչելիության հղումներ

Հայաստանում Եվրոպայի օրը նշվեց նաև դասական երաժշտության համերգով


Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ երեկ երեկոյան տեղի ունեցած համերգը նվիրված էր Եվրոպայի օրվան, որը1985 թվականից սկսված ամենատարբեր միջոցառումներով նշվում է բազմաթիվ երկրներում:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ հնչեց համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներից մեկը՝ Լյուդվիգ Վան Բեթհովենի Իններորդ սիմֆոնիան:

Մենակատարներն էին Սոֆյա Սարադյանը (սոպրանո), Սոլջերդ Իսալվը (մեցցո-սոպրանո), Սերգեյ Կովնիրը (բաս) և Իվայլո Միխայլովը (տենոր):

Համերգից առաջ ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Համերգին նախորդած ճեպազրույցի ընթացքում Սվիտալսկին շեշտեց, որ Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբն ու ազգային ակադեմիական երգչախումբը Հայաստանի այցեքարտն են ողջ աշխարհում, և պատիվ է, որ Եվրոպայի օրը հենց նրանց համերգով է նշվում: Նա հավելեց, որ ամեն տարի Եվրամիության պատվիրակությունը, ի թիվս այլ հյուրերի, Եվրոպայի օրվան նվիրված համերգն ունկնդրելու, դասական հրաշալի երաժշտություն վայելու համար հրավիրում է նաև բազմաթիվ երեխաներ Շիրակից և այլ մարզերից:

Շեշտելով, որ ինքը մշակույթի, արվեստի մեծ երկրպագու է՝ դեսպան Սվիտալսկին իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին և բոլոր այն երաժիշտներին, որոնց շնորհիվ Երևանը դարձել է չափազանց աշխույժ, մշակութային մայրաքաղաք:

Սվիտալսկին նշեց, որ չնայած մասնագիտական առումով չափազանց շատ պարտականություններ ունի, բայց աշխատում է Երևանում տեղի ունեցող ոչ մի ուշագրավ համերգ կամ այլ մշակությաին իրադարձություն բաց չթողնել․ - «Այստեղ՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, ես ինձ տանն եմ զգում»:

Դեսպան Սվիտալսկին հավաստիացրեց, որ անում է հնարավորը՝ է՛լ ավելի ամրապնդելու, հզորացնելու Հայաստանի և Եվրոպայի միջև մշակութային կապերը․ - «Դուք հնագույն քաղաքակրթության ներկայացուցիչներ եք, ձեր պատմական ու մշակութային արմատները դարերի խորքից են գալիս, ինչը և միավորում է մեզ բոլորիս: Իսկ պաշտոնաթողումից հետո կդառնամ հայկական արվեստի ու մշակույթի դեսպանն աշխարհում»:

Մինչև համերգը «Ազատության» հետ զրույցում Սերգեյ Սմբատյանը շեշտեց․ - «Բեթհովենի «Ձոն ցնծության», Իններորդ սիմֆոնիան յուրահատուկ ստեղծագործություններ են նվագախմբի համար, դիրիժորի համար, մենակատարների համար, երգչախմբի համար: Ուրախություն և երջանկություն է աշխատել մեր կապելլայի հետ»:

Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանն «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Եվրոպայի օրը Հայաստանում շատ կարևոր է, որովհետև մենք մեզ համարում ենք Եվրոպայի մի մաս, հատկապես մշակույթով: Գաղտնիք չէ, որ դարերի պատմության մեջ մեր մշակույթի ականավոր ներկայացուցիչների մեծ մասը կրթություն են ստացել հենց Եվրոպայում: Համարում եմ, որ հայկական մշակույթը, լինելով առանձին, լինելով յուրահատուկ, լինելով տարբերվող բոլորից, եվրոպական ընտանիքի մի մաս է կազմում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG