Մատչելիության հղումներ

Գրիգոր Լուսավորիչ փողոցն անվանափոխվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի


«Սուրբ» բառը Խորենացի փողոցի և Մաշտոցի պողոտայի անվանումներին ավելացնելու առաջարկը, մինչդեռ, մայրաքաղաքի ավագանին մերժեց:

Ավագանու նիստում բանավեճի թեժ թեմա դարձավ ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի առաջարկը՝ Երևանի Գրիգոր Լուսավորիչ ու Խորենացի փողոցների ու Մաշտոցի պողոտայի անվանումներում ավելացնել սուրբ բառը։

Նրա խոսքով՝ դա ոչ թե անվանափոխություն է, այլ բնական ճշգրտում․ - «Հույս ունեմ, որ դրական արձագանքի կարժանանա»:

«Իմ քայլը» խմբակցության անդամները առարկություններ ունեին:

Այս հարցը թեժ քննարկման թեմա է դարձել նաև հանձնաժողովի նիստում, և կա բացասական եզրակացություն: Ավագնու մեծամասնությունը՝ «Իմ քայլը» խմբակցությունը, կողմ չէ, որպեսզի Խորենացի փողոցի ու Մաշտոցի պողոտայի անվանումներում ավելանա սուրբ բառը:

Իզաբելա Աբգարյանի («Իմ քայլը») կարծիքով, փոփոխության համար հանրային լայն քննարկում է պետք, ոչ թե ավագանու մի անդամի ցանկություն․ - «Հարյուր տարի հետո տարբեր ձևով կարող են փոփոխություններ տեղի ունենալ, և մենք պետք է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվենք այս հարցին»:

Դավիթ Խաչատրյանի («Իմ քայլը») ձևակերպմամբ՝ պետք է «գույքագրել» սրբերին: Նա հարցրեց՝ Ցեղասպանության 1,5 միլիոն նահատակներն էլ են սրբադասված, բա նրա՞նք. - «Սիամանթո, Դանիել Վարուժան, Ռուբեն Սևակ, Գրիգոր Զոհրապ և այլն, և այլն»:

Իմքայլականները շարունակեցին հարցեր առաջադրել՝ արդյո՞ք անվանափոխությունն ու դրանից բխող հասցեների փոփոխությունը նոր ծախս չի դառնա քաղաքի բյուջեի համար: Նրանց բացատրեցին, որ ոչ, ոչ մի լրացուցիչ ծախս:

Ռաֆայել Ավետիսյանը («Իմ քայլը») շեշտեց, որ Խորենացու, Լուսավորչի ու Մաշտոցի սրբությանը չեն կասկածում, բայց անվանափոխության առաջարկը «քայլ է դեպի միջնադար»․ - «Իսկ ինչի՞ չի առաջարկվել, օրինակ, Պատմահայր Մովսես Խորենացի փողոց դնել: Ավելի հասկանալի կլիներ իմ համար: Իրա հիմնական գործառույթը էն չի եղել, որ ինքը սուրբ ա»:

«Ոչ մի բովանդակային հակափաստարկ չի հնչում», - զայրացան «Լույս» խմբակցությունում:

«Դա ինչի՞ չէիք խոսում, երբ Եվրոպայի հրապարակն էինք անվանափոխում, երբ Լեմկինն էինք անվանափոխում», - հարցրեց խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

Հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն անցավ գրոհի: Հռիփսիմե Առաքելյանի («Բարգավաճ Հայաստան») տպավորությամբ, ավագանու անդամները սուրբ բառից են փախչում․ - «Ի՞նչն ա ձեզ տանջում, եթե էդ փողոցը լինում ա, օրինակ, Սուրբ Մովսես Խորենացի»:

Նույն խմբակցությունից Լյուդմիլա Սարգսյանը սրբապղծություն համարեց հարցն ընդհանրապես քննարկելը․ - «Եթե կան մարդիկ, որ կասկածի տակ են դնում, որ հիսուն կամ հարյուր տարի հետո կարելի է կասկածել, որ Մեսրոպ Մաշտոցը սուրբ է, կամ Խորենացին սուրբ է, դա ինձ ապշեցնում է ուղղակի: Ուրեմն մեր երկիրը ապագա չունի»:

«Իմ քայլը» խմբակցությունից ընդդիմադիրներին հորդորեցին փոխել դասատուի տոնայնությունը: Մեսրոպ Պապիկյանն այս նախաձեռնությունը որակեց էժանագին մանիպուլյացիա․ - ««Դուք բերել եք էս նախագիծը, որպեսզի Առաքելյան Հռիփսիմեն մեզ անվանի աթեիստ, դուք բերել եք էս նախագիծը, որպեսզի Սարգսյան Լյուդմիլան մեզ մեղադրի սրբապղծության մեջ, դուք բերել եք էս նախագիծը, որպեսզի Խաժակյան Դավիթը հերթական անգամ զուգահեռներ տանի մեր և հանրապետականների միջև»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանին բոլորովին դուր չեկավ ընդդիմություն - իշխանություն պայքարը, ասաց՝ պարոն քաղաքապետ, քննարկման այս ընթացքը ձեր մեղքն է․ - «Հասկացեք մեկդ մեկին, և բոլորդ միասին․ սուրբը մնում ա սուրբ: Մենք բոլորս պետք է սուրբ բառի համար էսքան պատմություն չսարքենք: Կարծում եմ, եթե սրբերը հիմա կենդանի լինեին, անպայման ձեզանից կնեղանային»:

Իսկ քաղաքապետը բացատրեց, որ Կոմկուսի ու ՀՀԿ-ի միակարծությունն անցյալում է, և բազմակարծության համար իրեն ոչ թե մեղադրել, այլ գովել է պետք:

Հայ առաքելական եկեղեցու կողմից սրբադասված երեք նվիրյալներ Մաշտոցի, Խորենացու և Լուսավորչի անունների կողքին ցուցանակների վրա սուրբ բառն ավելացնելու առաջարկի հեղինակին՝ Թեհմինա Վարդանյանին այս քննարկումը հուսահատության հասցրեց․ ասաց՝ ամոթ է, հարցը պիտի չքննարկվեր էլ, ինչը մի նոր բանավեճ հարուցեց:

Ի վերջո ավագանին որոշեց Մաշտոցի պողոտայի, Խորենացի փողոց անվանումներն անփոփոխ թողնել, իսկ Գրիգոր Լուսավորիչ փողոցի անվանմանն ավելացնել սուրբ բառը:

Քաղաքապետ Հայկ Մարությանն առաջին երկուսի դեպքում ձեռնպահ էր, երրորդին՝ կողմ․ - «Որովհետև Գրիգոր Լուսավորիչը եղել է մեր առաջին կաթողիկոսը և ինքն է այդ մեծ գործընթացը սկսել՝ պետականացումը կրոնի և այլն: Այստեղ ես տրամաբանական եմ համարում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG