Մատչելիության հղումներ

«Քոչարյանի պաշտպանության լավագույն ձևը ներքաղաքական իրավիճակի էսկալացիան է». Հրանտ Տեր-Աբրահամյան


Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության լավագույն ձևը ներքաղաքական իրավիճակի էսկալացիան է, «Ազատության» «Քաղաքականությունը ներսից» հաղորդման ժամանակ ասաց հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը։

Նա ընդգծեց՝ ուրիշ ի՞նչ տարբերակով, եթե ոչ հեղաշրջման, կամ իշխանափոխության պլանով, Ռոբերտ Քոչարյանը կարող է ազատվել այս դատական գործից։

Նշենք, որ երեկ Ազգային ժողովի փոխնախագահ, խորհրդարանում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, թե ինչ-որ ուժեր փորձ են անում Հայաստանում իշխանությունը վերցնել։

«Մենք միասին ազատեցինք Հայաստանը սերժառոբական արշավանքից, հիմա փորձ է կատարվում շակալների հակահեղափոխության: Դե ինչ, մենք ընդունում ենք մարտահրավերը», - գրել էր Սիմոնյանը։

Այս հայտարարությունն արվեց Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու դատարանի որոշումից օրեր անց։

Հարցին, թե դավադրությունը, աշխարհաքաղաքական պայքարը որքանո՞վ են կապված Քոչարյանին կալանքից ազատ արձակելու հետ, Հրանտ Տեր-Աբրահամյանը պատասխանեց. - «Վարչապետի խոսքի առանցքը 2016-ի հետ կապն էր և ընդհանրապես արցախյան թեմայի հետ կապը, սա առանցքն էր։ Այսինքն՝ էս դատականի թեման դրա շուրջ էր կառուցվում, և այստեղ նույնիսկ անմիջական կապ կա նույնիսկ դերակատարների մակարդակով, որովհետև 2016-ի ապրիլյան պատերազմից հետո էլ որոշակի ակտիվացում կար նույն քոչարյանական, պայմանական ասենք, չնայած պայմանական էլ չէ, թևի մեջ ակտիվացում կար, և այն ժամանակ էլ խոսվում էր հեղաշրջումների մասին։ Կապ կա, այսինքն՝ նույնիսկ դերակատարների մակարդակում կա։ Ո՞րն էր քաղաքական նպատակը էդ պատերազմի, հո էդ չարաբաստիկ մի քանի հեկտար գրավելը չէ՞ր, էդ մի քանի հեկտարի համար պատերազմ չեն սկսում, այսինքն՝ կար քաղաքական նպատակ, որը պետք է հետևեր էդ պատերազմին, և դա, ամենայն հավանականությամբ, իհարկե պետք է լիներ այսպես կոչված «լավրովյան պլանը», խաղաղապահ զորքերի տեղադրումը և այլն, և եթե էդ քաղաքական նպատակին չեն հասել նպատակներ դնողները, մենք արդյո՞ք մտածում ենք, որ իրենք էդքան հեշտ հրաժարվել են էդ նպատակից, և այստեղ, իհարկե, այսօր նույն նպատակը մնում է: Ինչ վերաբերում է իշխանության խնդրին, որը դուք դրեցիք, ասում եք՝ «էստեղ ինչ-որ դատական կապ կա՞ դատական պրոցեսի և իշխանության հավակնությունների», իսկ ի՞նչ այլ տարբերակ կարող է լինել, ի՞նչ այլ տարբերակով՝ բացի հեղաշրջման, կամ իշխանափոխության պլանով, ի՞նչ այլ տարբերակով ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանը կարող է ազատվել էս դատական գործից, և այստեղ բնական է, որ ուղղակի պրոցեսի տրամաբանությունն է դրան տանում, իր պաշտպանության լավագույն ձևը ներքաղաքական իրավիճակի էսկալացիան է, լարումն է։ Սա է, իր լավագույն պաշտպանությունն է, ուրիշ պաշտպանություն դուք էլ լինեիք իր տեղը, չէիք կարող մտածել, և այլ հարց է, որ ինքը Քոչարյանը և Քոչարյանի գործոնն ընդամենը գործիք է, այսինքն՝ մատրյոշկայի պես ինչ-որ մեկ այլ խնդիրների, մեկ այլ ուժերի ավելի լայն կոնտեքստում ինքը գործիք է»

Ըստ հրապարակախոսի, սակայն, միայն ներհայաստանյան ռեսուրսով չի կարող այդ գործընթացը ծավալվել։

«Ես ենթադրում եմ, որ այստեղ արտաքին ուժերի ներգրավածություն անպայման պետք է լինի, անպայման, որովհետև միայն ներհայաստանյան ռեսուրսով, ինձ թվում է, չի կարող էս պրոցեսը ծավալվել», - ասաց Հրանտ Տեր-Աբրահամյանը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG