Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով երեկ դատարանների մուտքերն արգելափակելու հետ կապված 5 նյութ Գլխավոր դատախազությունը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ ստուգման։
Դատախազությունից «Ազատությանը» հայտնեցին, որ ուղարկված նյութերը առավելապես առնչվում են փաստաբանների բողոքներին։
Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 18-ին դատարանի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից։ Հաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր աջակիցներին կոչ արեց երկուշաբթի օրը՝ մայիսի 20-ին, առավոտյան ժամը 8։30-ից արգելափակել դատարանների դռները: Ժամը 12։00-ին կառավարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ, ընդգծելով, որ «եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը»: Խորհրդակցությունից հետո էլ վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ դիմեց դատարանների առջև իր կոչով ակցիա իրականացնող ցուցարարներին՝ հորդորելով ժամը 13:30-ին վերացնել բոլոր դատարանների մուտքերի և ելքերի արգելափակումը: