Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյան․ Այսօրվա Հայաստանում հնարավոր չեն դավաճանական գործողություններ


Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բացառում է, թե որոշ ուժերի կամ գործիչների կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր են դավաճանական գործողություններ, ինչի մասին երեկ Կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսօր Վանաձորում «Ազատության» հարցին ի պատասխան նախարարն ասաց․ - «Որպես Պաշտպանության նախարար, ես թույլ չեմ տա, որ էդպիսի բան լինի: Այսօրվա Հայաստանում հնարավոր չէ դավաճանական գործողություններ: Եվ բոլոր գործողությունները կչեզոքացվեն հենց սկզբնաղբյուրում»:

Երեկ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «կան այնպիսի ուժեր և գործիչներ, ովքեր նախապատրաստում են դավաճանական գործողություններ»։ Երկրի ղեկավարն ասել էր, որ վերլուծելով իրավիճակը, դրա տակ տեսնում է «ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»:

Ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին հարցին նախարարն արձագանքեց․ - «Ռազմական գործողությունները հնարավոր է, որ իրականացվեն տարբեր պատճառներով: Հնարավոր է»:

Պաշտպանության նախարարն այսօր Վանաձորում մասնակցում էր բնակարանամուտի արարողության։ Շահագործման հանձնվեց նախարարության միջոցներով վերակառուցված քառահարկ բնակելի շենքը, որը կիսաքանդ վիճակում էր խորհրդային տարիներից ի վեր։ Վանաձորի զորամասերից մեկի 48 սպաները կապրեն բարեկարգ պայմաններում։ Շենքի վերակառուցման վրա նախարարությունը ծախսել է 320 միլիոն դրամ։

Դավիթ Տոնոյանն ասաց, որ ծրագիրը շարունակական է լինելու․ - «Սրանով մենք գրեթե ամբողջության լուծում ենք Վանաձորում ծառայողական ֆոնդի կարիք ունեցող սպայական անձնակազմի խնդիրը: Սակայն ուզում եմ հավաստիացնել, որ մեր այս հաջողությամբ կանգ առնելու մտադրություն չունենք, քանի որ զինծառայողների բնակկենցաղային պայմանների բարելավման խնդիրները և ընդհանրապես սոցիալական ապահովման խնդիրները գտնվում են Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում»:

Նախարարը շեշտեց, որ հուլիսի 1-ից 10 տոկոսով բարձրանալու է զինծառայողների աշխատավարձը։ Պահուստային ֆոնդից 5,7 միլիարդ դրամ է հատկացվել զինվորական կենսաթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար։

Տոնոյանը նշեց, որ Երևանում հաշմանդամություն ունեցող զինծառայողներ և զոհված ու մահացած զինվորների 55 ընտանիքներ անհատույց, սեփականության իրավունքով նորակառույց շենքում բնակարաններ կստանան առաջիկա օրերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG