Մատչելիության հղումներ

Այն փուլը չէ, որ Հայաստանը գնահատի՝ կկարողանա՞ Զասը 2020-ին գլխավորել ՀԱՊԿ քարտուղարությունը. Նաղդալյան


ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ճեպազրույցի ժամանակ, արխիվ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ճեպազրույցի ժամանակ, արխիվ

Դեռևս այն փուլը չէ, որ Հայաստանը գնահատի՝ արդյո՞ք Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը 2020 թվականի հունվարից կկարողանա գլխավորել ՀԱՊԿ քարտուղարությունը, այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

«Այն, որ գլխավոր քարտուղարը նշանակվելու է 2020 թվականի հունվարի 1-ից և լինելու է Բելառուսի թեկնածուն, դա մենք կարող ենք ենթադրել, քանի որ չկա համապատասխան որոշում։ Երբ որ կլինի համապատասխան որոշում Հավաքական անվտանգության խորհրդի, այդ ժամանակ մենք կարող ենք պնդել, թե ինչ զարգացումներ եղան դրա հետ կապված», - նշեց Նաղդալյանը։

Նախատեսվում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարները հանդիպելու են վաղը Բիշքեկում, և այդ հանդիպման ժամանակ, ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի, քննարկվելու է նաև կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը: Պաշտոնակատարը նշել է, որ 2020 թվականի հունվարի 1-ից Բելառուսն իրավունք է ստանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջադրել իր թեկնածուին, և այսօրվա դրությամբ այդ թեկնածուն Ստանիսլավ Զասն է:

Աննա Նաղդալյանն այսօր հիշեցրեց՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիսանում է դաշինքի անդամ պետությունների շահերը սպասարկող քարտուղարության ղեկավարը, ով պատասխանատու է քարտուղարության բնականոն գործունեության համար։

«Մենք գլխավոր քարտուղարի թեկնածությունը գնահատում ենք այն առումով, թե որքանով է նա կարող կառավարել գլխավոր քարտուղարությունը, որ ընդգծեմ՝ նույնպես ծառայում է անդամ պետություններին։ Որոշումը կազմակերպության շրջանակներում կայացվում է միայն անդամ պետությունների կողմից և միայն կոնսենսուսի հիման վրա՝ այն է, որ բոլոր պետությունները համաձայնեն դրան։ Սակայն, պնդելով, թե ով է լինելու, ինչ է լինելու, դրա համար պետք է Հավաքական անվտանգության խորհրդի որոշում, որը մենք չունենք։ Իսկ եթե կոնկրետ թեկնածություն առաջադրվելու դեպքում մենք ինչպես...., մենք իր լիազորությունները գնահատելու ենք այն առումով, թե նա, եթե առաջադրվի, ինչպես է սպասարկելու անդամ պետություններին, ինչպես է կարողանալու ապահովել քարտուղարության գործունեությունը։ Մենք դեռևս այդ փուլում չենք», - ասաց Նաղդալյանը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը մտավ օրակարգ, երբ 2017 թվականի ապրիլից այդ պաշտոնը զբաղեցնող Հայաստանի ներկայացուցիչ, երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի գործով: Անցած տարվա նոյեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Խաչատուրովը ազատվել է պաշտոնից:

Բելառուսը շտապեց առաջադրել Զասի թեկնածությունը, մինչդեռ պաշտոնական Երևանը շարունակում է պնդել, որ այդ պաշտոնը պետք է զբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչը մինչև 2020 թվականը: Այս ընթացքում դաշինքի անդամ երկրները այդպես էլ փոխհամաձայնության չեն եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG