Մատչելիության հղումներ

«Մենք քննարկել ենք բոլոր հարցերը, որոնք առաջնահերթ նշանակություն ունեն մեր հայրենիքի համար». Բակո Սահակյան


«Մենք քննարկել ենք բոլոր հարցերը, որոնք առաջնահերթ նշանակություն ունեն մեր հայրենիքի համար», - երեկ Հայաստանի Ազգային ժողովի մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը։

Լեռնային Ղարաբաղի ղեկավարը նշեց՝ իրեն ուղղված հարցադրումները եղել են շատ անկեղծ և ազնիվ, և այդ նույն անկեղծությամբ և ազնվությամբ էլ ինքը փորձել է հնչեցնել իր մոտեցումները և իր պատասխանները։

Բակո Սահակյան. - Մենք քննարկել ենք բոլոր հարցերը, որոնք առաջնահերթ նշանակություն ունեն մեր հայրենիքի համար։ Մենք հնարավորություն ենք ունեցել գրեթե բոլոր հարցերին անդրադառնալու, և ամենակարևորը՝ մենք փաստել ենք, որ խիստ անհրաժեշտ է, երբ ստեղծվում են իրավիճակներ, որտեղ կարծես թե դժվարանում են քաղաքական, հասարակական գործիչներն իրենց մասնակցությունը բերելու և հաղթահարելու այս կամ այն ստեղծված իրավիճակները, մենք պայմանավորվել ենք, որ բոլոր հնարավորություններն օգտագործենք, այդ թվում՝ նաև հաճախ հանդիպումներ ունենանք, որպեսզի ստիպված չլինենք հայտնվելու այնպիսի իրավիճակներում, որոնք խորթ են մեզ համար, մեր հայրենիքի համար։ Եվ այդ առումով խիստ կարևոր եմ համարում մեր այսօրվա հանդիպումը։ Հարցադրումները, որոնք ուղղվել են ինձ, եղել են շատ անկեղծ և ազնիվ, և այդ նույն անկեղծությամբ և ազնվությամբ ես փորձել եմ հնչեցնել իմ մոտեցումները և իմ պատասխանները։

«Ազատություն». - Ի՞նչ մտահոգություններ ունեին հայաստանցի խորհրդարանականները։

Բակո Սահակյան. - Ես տեսել եմ շահագրգռվածություն մեր գործընկերների մոտ։ Ես իմ հնարավորությունների շրջանակներում փորձելու եմ նպաստել այդ, ինչպես դուք եք ասում, մտահոգություններին և այդ շահագրգռվածությունները հնարավորինս արդյունավետ ընթացքավորել։

«Ազատություն». - Ինչի՞ հետ են կապված այդ մտահոգությունները։

Բակո Սահակյան. - Գիտեք՝ մենք ամեն ինչի մասին խոսել ենք։ Խոսել ենք անվտանգության համակարգի մասին, խոսել ենք միջխորհրդարանական կապերի մասին։ Խոսել ենք բանակցային գործընթացի մասին, խոսել ենք՝ ինչպես անենք, որպեսզի մեր տնտեսությունն ավելի առաջանցիկ տեմպերով զարգանա և այլն։

Երեկ Կառավարությունում իշխանության տարբեր ճյուղերի բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրած հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «հասունացել է ժամանակը 2016թ․ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»:

Հարցին, թե ինչպե՞ս կգնահատի վարչապետի այս որոշումը, և արդյո՞ք սրա վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության հետ քննարկում ունեցել է, Բակո Սահակյանը պատասխանեց. - «Ես այդպիսի տեղեկություն տվել եմ, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ Ռազմական դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի ագրեսիայի՝ Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վարչապետը իրավասու է այդպիսի առաջարկություն անելու»։

«Ազատության» հարցին, թե կա՞ր կարիք նման քննիչ հանձնաժողով ստեղծելու, Բակո Սահակյանը պատասխանեց. - «Իմ տեսակետը եղել է նա, որ ցանկալի է, որպեսզի այս կամ այն նման հանձնաժողովներում ներգրավված լինեն մարդիկ, ովքեր մասնագիտորեն ի վիճակի են իրենց մասնակցությամբ հանձնաժողովի աշխատանքներին օգնելու, եթե կան չբացահայտված պահեր՝ բացահայտելու, ճշտումներ մտցնելու։ Ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG