Մատչելիության հղումներ

Ավարտվեց Բակո Սահակյանի հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության հետ


Հայաստանի Ազգային ժողովի մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Ստորև ներկայացնում ենք հարցուպատասխանի որոշ դրվագներ, ինչպես նաև տեսագրությունը ՝ ամբողջությամբ։

Բակո Սահակյան. ֊ Մենք հնարավորություն ենք ունեցել գրեթե բոլոր հարցերին անդրադառնալու, և ամենակարևորը՝ մենք փաստել ենք, որ խիստ անհրաժեշտ է, երբ ստեղծվում են իրավիճակներ, որտեղ կարծես թե դժվարանում են քաղաքական, հասարակական գործիչները իրենց մասնակցությունը բերելու և հաղթահարելու այս կամ այն ստեղծված իրավիճակները, մենք պայմանավորվել ենք, որ բոլոր հնարավորությունները օգտագործենք, այդ թվում հաճախ հանդիպումներ ունենանք, որպեսզի ստիպված չլինենք հայտնվելու այնպիսի իրավիճակներում, որոնք խորթ են մեզ համար։ Եվ այդ առումով խիստ կարևոր եմ համարում մեր այսօրվա հանդիպումը։

Հարցադրումները, որոնք ուղղվել են ինձ, եղել են շատ անկեղծ և ազնիվ, և այդ նույն անկեղծությամբ և ազնվությամբ ես փորձել եմ հնչեցնել իմ մոտեցումները և իմ պատասխանները։

«Ազատություն». ֊ Ի՞նչ մտահոգություններ ունեին հայաստանցի խորհրդարանականները։

Բակո Սահակյան. ֊ Ես տեսել եմ շահագրգռվածություն մեր գործընկերների մոտ, և իմ հնարավորությունների շրջանակներում փորձելու եմ նպաստել այդ՝ ինչպես դուք եք ասում, մտահոգությունները և շահագրգռվածությունները հնարավորինս արդյունավետ ընթացքավորելու։

«Ազատություն». ֊ Ինչի՞ հետ են կապված այդ մտահոգությունները։

Բակո Սահակյան. ֊ Գիտեք՝ մենք ամեն ինչի մասին խոսել ենք։ Խոսել ենք անվտանգության համակարգի մասին, խոսել ենք միջխորհրդարանական կապերի մասին։ Խոսել ենք բանակցային գործընթացի մասին, խոսել ենք՝ ինչպես անենք, որպեսզի մեր տնտեսությունը ավելի առաջանցիկ տեմպերով զարգանա և այլն։

Հարց. ֊ Վարչապետը կոչ արեց, որպեսզի Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծվի ապրիլյան պատերազմի վերաբերյալ։ Ձեր գնահատականը այդ որոշմանը և արդյոք դրա վերաբերյալ քննարկում գնաց, ինչպիսի՞ դիրքորոշում ունեք։

Բակո Սահակյան. ֊ Վարչապետը իրավասու է այդպիսի առաջարկություն անելու։

«Ազատություն». ֊ Կա՞ր կարիք նման քննիչ հանձնաժողով ստեղծելու։

Բակո Սահակյան. ֊ Իմ տեսակետը եղել է նա, որ ցանկալի է, որպեսզի այս կամ այն նման հանձնաժողովներում ներգրավված լինեն մարդիկ, ովքեր մասնագիտորեն ի վիճակի են հանձնաժողովի աշխատանքներին մասնակցությամբ օգնելու, եթե կան չբացահայտված պահեր՝ բացահայտելու, ճշտումներ մտցնելու։ Ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG