Մատչելիության հղումներ

ԵԹԿՊԻ ռեկտորի միակ թեկնածուն Լիլիթ Արզումանյանն է


ԵԹԿՊԻ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Արզումանյան
ԵԹԿՊԻ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Արզումանյան

Մի քանի ամիս առաջ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) նախկին ռեկտոր Դավիթ Մուրադյանն իր դիմումի համաձայն դադարեցրեց պաշտոնավորումը: Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց գրականագետ, թատերագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը:

Ռեկտորի ընտրությունները ինստիտուտի կառավարման խորհրդի կողմից տեղի կուենան մայիսի 22-ին: Միակ թեկնածուն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է, որովհետև մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած ինստիտուտի պրոռեկտոր Արմեն Հարությունյանի և թատերագետ Վասիլ Գևորգյանի թեկնածությունները մերժվել են Կրթության և գիտության նախարարության կողմից:

Նախարարությունն այս կապակցությամբ ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ Կարինե Խոդիկյանին 2,5 էջանոց պարզաբանում է ուղարկել, թե ինչու այս երկու անձինք չեն կարող ինստիտուտի ռեկտորի պաշտոնի հավակնորդ լինել:

Ի դեպ, Արմեն Հարությունյանը պրոռեկտոր է նշանակվել հենց Լիլիթ Արզումանյանի կողմից: Նրա նկատմամբ նաև քրեական գործ է հարուցված նախորդ տարիներին ինստիտուտում տեղի ունեցած չարաշահումների հիման վրա:

«Ազատությանը» տված հարցազրույցի ընթացքում ռեկտորի պաշտոնակատար, ռեկտորի պաշտոնի միակ հավակնորդ Լիլիթ Արզումանյանին խնդրեցինք նախ ներկացնել, թե ինչ խնդիրներ են եղել ինստիտուտում, ինչ ժառանգություն է ստացել պաշտոնավարումը ստանձնելիս, ինչ է հասցրել կատարել այս 6 ամիսների ընթացքում և ինչպիսին է տեսնում բուհի զարգացման գործընթացը:

Լիլիթ Արզումանյանը նախ շեշտեց, որ նախարարության կողմից այս բուհը ժամանակավորապես ղեկավարելու առաջարկն իր համար, իհարկե, անսպասելի էր․ - «Բայց ես երեք ֆիլմ ունեմ, իմ սցենարով լիամետրաժ ֆիլմ է նկարահանված, ես տասը տարի հաղորդաշար եմ վարել, դասավանդել եմ տարբեր տեղերում, նույն այս բուհում ես երեք տարի եղել եմ պետական հանձնաժողովի նախագահ: Այսինքն էնքան էլ պատահական մարդ չեմ բուհի համար: Անսպասելի էր, որ իրականում ստացա շատ ծանր ժառանգություն: Խախտումներ կային, քրեական գործեր կան հարուցված: Շենքը շատ վատ, անմխիթար վիճակում էր, և մեծ քանակի բողոքներ ուսանողության կողմից ուսումնական ծրագրերի, պլանների առումով, տեխնիկայի պակաս: Շատ մեծ խնդիրներ կան լուծելու»:
Լիլիթ Արզումանյանն ասաց նաև, որ այս 6 ամիսների ընթացքում նախ վերանայվել են ամբողջ ուսումնական ծրագրերը․ - «Շուտով կհաստատվեն: Մենք սեպտեմբերին նոր ուսումնական պլաններով ենք սկսելու: Եվ լուրջ, արմատական փոփոխություններ են լինելու: Ուսանողները դերասանական բաժնի, որ մտնելու են բուհ, արդեն չորս տարի նույն դասախոսի մոտ չեն լինելու՝ ամեն տարի փոխվելու են»:

Այս ընթացքում Արզումանյանը ձեռնամուխ է եղել վերանորոգչական աշխատանքների, վերանորոգվել է 30 լսարան և միջանցքներից մեկը․ - «Այդ սարսափելի կեղտը մաքրվում է կարծես»:

Նա այդ վիճակի համար նախորդ ղեկավարներին չի մեղադրում․ - «Դժվար է: Լուրջ ֆինանսներ են պահանջվում: Ես խնդրեցի Կրթության և գիտության նախարարությունից գումար: Դրեցին քննարկման և Կառավարության որոշումով 10 միլիոն դրամ ինձ փող հատկացվեց: Որ ասեմ շատ մեծ գումար է՝ ոչ: Բայց մեզ կհերիքի այս չորս հարկը վերանորոգելու համար»:

Արզումանյանը ուզում է, որ ինստիտուտն ապրի ստեղծագործական եռուն կյանքով․ - «Արվեստին մոտենալ անպատասխանատու, անբարեխիղճ՝ դրանից լավ արվեստ երբեք դուրս չի գա: Դա ամենակարևորն է: Վերջ ի վերջո մեր ուսանողները երկրի մշակութային քաղաքականության ապագա ձևավորողներն են: Դա սարսափելի պատասխանատվություն է այս ինստիտուտի ուսերին, և մենք իրավունք չունենք անպատասխանատու, անբարեխիղճ լինելու: Գերխնդիրը բուհը արվեստի քաղաքականությունը կրողը դարձնելն է առաջին հերթին: Դրանից հետո, երբ որ ուսանողը դարձավ մեր արվեստի կրողը, ինքը նաև դա վերադարձնելու է հասարակությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG