Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը դավաճանական գործողություններ ծրագրող ուժերի մասին տեղեկություն չունի


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը տեղեկություն չունի, որ կան այնպիսի ուժեր և գործիչներ, ովքեր նախապատրաստում են դավաճանական գործողություններ: Այս մասին Բակո Սահակյանը հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովում՝ «Ազատության» խնդրանքով մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե իրավիճակը վերլուծելով՝ դրա տակ տեսնում է «ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»:

«Եթե կան այդպիսի գործիչներ և այդպիսի ուժեր, մենք պարտավոր ենք բացահայտել այդ մարդկանց, և եթե կան այդպիսի նպատակներ, բնականաբար, ես էլ եմ դա որակում որպես դավաճանություն», - հայտարարեց Բակո Սահակյանը: -«Ես չունեմ այդպիսի տեղեկություններ, որ կան այդպիսի ուժեր և կան այդպիսի գործիչներ, ովքեր նախապատրաստում են այդպիսի դավաճանական գործողություններ», - հավելեց նա:

Հիշեցնենք՝ Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 18-ին դատարանի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից։ Պաշտոնաթող նախագահի համար երաշխավորագիր էին ներկայացրել Լեռնային Ղարաբաղի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը՝ վճարելով 1 միլիոն դրամ։

Այս միջնորդությանն անդրադառնալով՝ Բակո Սահակյանն ասաց՝ լարվածություն առաջացնելու նպատակ չեն հետապնդել, հակառակը, փորձել են այդ լարվածությունը թուլացնել, և դրանով բնավ կասկածի տակ չեն առել դատական գործընթացը:

Քոչարյանի ազատ արձակման հաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր աջակիցներին կոչ արեց երկուշաբթի օրը՝ մայիսի 20-ին, առավոտյան ժամը 8։30-ից արգելափակել դատարանների դռները: Ժամը 12։00-ին կառավարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ, ընդգծելով, որ «եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը»:

Նույն խորհրդակցության ժամանակ Փաշինյանը հարկ համարեց անդրադառնալ Հայաստան ֊ Լեռնային Ղարաբաղ հարաբերությունների թեմային, նշելով, որ դա անուղղակիորեն առնչվում է Քոչարյանի դատավարության շուրջ ստեղծված իրավիճակին:

«Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը Արցախում՝ Հայաստանի կառավարության և անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար», - պնդեց նա՝ շարունակելով․ ֊ «Դեռևս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ: Այս իմաստով, դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն և որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ, պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար»:

Բակո Սահակյանը նաև արհեստական որակեց Հայաստան-Լեռնային Ղարաբաղ հարաբերությունների լարվածության թեման․- «Բացառվում է, որ մենք ունենանք այդպիսի լարվածություն, իսկ եթե առաջանում են նման պահեր, մենք պարտավոր ենք ամեն ինչ անելու և շրջանցելու նման ժամանակաշրջանը»:

Ղարաբաղի ղեկավարը անպատասխան թողեց հարցը, թե արդյոք կալանքից ազատ արձակվելուց հետո խոսել կամ հանդիպել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG